66 տարեկան հասակում ծանր հիվանդության հետևանքով մահացել է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը:

Կրթություն

Արմեն Սաղաթելյանը 1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։

1975-1989 թթ. աշխատել է Երկրաբանական ճյուղի կազմակերպություններում՝ անցնելով ճանապարհ ինժեներից մինչև երկրաբանական պարտիայի պետ։ Միաժամանակ 1987թ. Մոսկվայի hազվագյուտ տարրերի միներալոգիայի, երկրաքիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզը, իսկ 2000թ.` դոկտորական թեզը։

Գիտական գործունեություն

1989թ. անցել է աշխատանքի ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ որպես առաջատար գիտաշխատող, ապա՝ Տեխնաերկրաքիմիայի լաբորատորիայի վարիչ։

1993թ. եղել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրենը։ Ադմինիստրատիվ գործունեության հետ մեկտեղ ղեկավարել է մի շարք պետբյուջետային թեմաների և ծրագրերի կատարումը, շնորհիվ ինչի Կենտրոնում ձևավորվել է շրջակա միջավայրի միջառարկայական հետազոտությունների ազգային գիտական դպրոց։ Արմեն Սաղաթելյանը հանդիսացել է նաև ՀՀ ԳԽ «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության հիմնահարցերով» մշտական հանձնաժողովի փորձագետ: Եղել է ՀՀ ԿԳՆ «Երկրի մասին գիտություններ» փորձագիտական հանձնաժողովի գիտական քարտուղար, Գիտության պետական կոմիտեի փորձագիտական հանձնաժողովի «երկրի մասին գիտություններ» սեկցիայի նախագահը, ՀՀ վարչապետին առընթեր «Կայուն զարգացման» խորհրդի անդամ։

Արմեն Սաղաթելյանը դասավանդել է նաև Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարանի Երևանյան մասնաճյուղում, Երևանի պետական համալսարանում, 2011-ից ԳԱԱ Միջազգային գիտական կենտրոնի «Շրջակա միջավայրի պահպանություն և բնօգտագործում» ամբիոնի վարիչն էր։

Միջազգային համագործակցություն

Արմեն Սաղաթելյանը ՄԱԿ-ի ազգային փորձագետ է եղել, Եվրամիության INTAS, ապա FP-7 ծրագրերի «Երկրի մասին գիտություններ» միջազգային նախագծերի գնահատման փորձագետ, «Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի» (ք. Թբիլիսի) տնօրենների խորհրդի անդամ:

2000-ից Արմեն Սաղաթելյանը UNESCO-ի Հայաստանյան հանձնաժողովի «Մարդ և կենսոլորտ» (MAB) Ազգային կոմիտեի նախագահն էր։

Նա Էկոլոգիայի ու կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի և ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ էր, անդամակցում էր Գիտությունների ակադեմիայի «Աշխարհագրության հիմնարար խնդիրներ» միացյալ գիտական խորհրդին, «Երկրի մասին գիտությունների» եվրոպական միությանը, Միջազգային երկրաբանական միության «Բժշկական երկրաբանություն» ասոցիացիային, Ամերիկյան քիմիական ընկերությանը և մի շարք այլ արհեստավարժական կազմակերպությունների։

Պարգևատրումներ

Գիտության մեջ ունեցած նվաճումների համար Արմեն Սաղաթելյանը պարգևատրվել է Միջազգային ակադեմիական ռեյտինգի «Պատիվ, փառք, աշխատանք» IV աստիճանի Գեորգիևյան մեդալով (Ուկրաինա 2004), Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) Միջազգային կենսագրական կենտրոնի «Աշխարհի առաջատար գիտնական-2009» նոմինացիայով, «Անանիա Շիրակացի» ՀՀ պետական մեդալով (2013):

Գիտական աշխատանքներ

Արմեն Սաղաթելյանը ելույթներով մասնակցել է 50-ից ավելի միջազգային գիտաժողովների: Նա ավելի քան 180 գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ 4 մենագրության և 6 ուսումնական, գիտամեթոդական ձեռնարկների: Նա եղել է գիտական աշխատությունների և ժողովների 9 ժողովածուների, ինչպես նաև հայերենով «Էկոլոգիական բացատրական բառարանի» երկու հրապարակումների գլխավոր խմբագիր:

Արմեն Սաղաթելյանը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը ղեկավարել է 1993-ից, որը կատարում է կիրառական և հիմնարար հետազոտություններ էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում:

Արմեն Սաղաթելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ն, «ԼյուԱր» սգո սրահում (ք. Երևան, Գ. Հասրաթյան 29/6):

Հուղարկավորությունը տեղի կունենա նույն հասցեից հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել