«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել «Կոշ» կալանավայրի պետ Լյովա Բաղդասարյանի կալանավորման գործընթացից: Պարզվում է՝ բանտապետին սեպտեմբերի 18-ին կալանավայր ուղարկելու գործընթացի դերակատարը եղել է նախկին կալանավորներից մեկը, որը դուրս գալով բանտից՝ համագործակցել է ԱԱԾ-ի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում տեսանյութ կա, որտեղ երեւում է, թե ինչպես է սեպտեմբերի 18-ին մեկը մոտենում Լյովա Բաղդասարյանի՝ ավտոլվացման կետում գտնվող մեքենային, այն գնելու նպատակով ուսումնասիրում, նստում ու դուրս գալիս:

Եվ, ահա, այս մուտք ու ելքից շատ չանցած ԱԱԾ աշխատակիցները շրջափակում են ավտոմեքենան: Լ. Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց, որ նախկին դատապարտյալներից մեկը մեքենան նստելուց հետո այնտեղ գումար է թողել եւ առերեսման ժամանակ էլ պնդել, թե ենթադրում է՝ նա կարող էր իմանալ, որ ինքը փող էր դնում մեքենայի մեջ: Պաշտպանն էլ ենթադրում է, որ դատապարտյալները նեղսրտած են եղել «Կոշի» բանտապետից ու սարքել այս պատմությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել