Ֆիզիկայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել են Ջեյմս Փիբլզին «ֆիզիկական տիեզերաբանության ոլորտում տեսական հայտնագործությունների համար», Միշել Մայորին եւ Դիդիե Կելոյին՝ «արեւանման աստղի ուղեծրում էկզոմոլորակների հայտնաբերման համար»: Այդ մասին հայտնել է Ստոկհոլմում Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչը:

Հեռարձակումը մատչելի է Նոբելյան հիմնադրամի պաշտոնական YouTube-ալիքում: Նախօրյակին բժշկության բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ուիլյամ Քելինին, Պետեր Ռատկլիֆին եւ Գրեգ Սեմենցեին: Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Նոբելյան մրցանակի հիմնադիր՝ շվեդ ձեռնարկատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833-1896 թթ.) մահվան օրը: Նրա կողմից կտակված հինգ մրցանակից չորսը սովորաբար հանձնվում է Ստոկհոլմում: Խաղաղության մրցանակը, դրա հիմնադրի կամքի համաձայն, հանձնվում է Օսլոյում, նույնպես դեկտեմբերի 10-ին:

Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կազմում է 9 մլն շվեդական կրոն (950 հազար դոլարից փոքր-ինչ պակաս): Ֆիզիոլոգիայի եւ բժշկության գծով մրցանակի հանձնումով մեկնարկել է «նոբելյան շաբաթը»: Հոկտեմբերի 9-ին հայտնի կդառնա քիմիայի բնագավառի դափնեկիրը:

Հոկտեմբերի 10-ին կհայտարարվեն 2018 եւ 2019 թվականների համար գրականության բնագավառի դափնեկիրները: Խաղաղության մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 11-ին: Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը 1969 թվականին հիմնվել է Շվեդիայի բանկի կողմից, կշնորհվի հոկտեմբերի 14-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել