Աբու Դաբիի օդանավակայանում պատահաբար գտել են մոլորակի ամենատարեց բնակչին, հայտնում է Daily Mail-ը:

ԱՄԷ-ում օդանավակայանի աշխատակիցներին զարմացրել է 123-ամյա հնդիկ վանական Սվամի Շիվանանդը: Տղամարդը ցույց է տվել իր անձնագիրը, որտեղ նշված է եղել, որ նա ծնվել է 1896 թ.-ի օգոստոսի 8-ին:

Շիվանանդը, հավանաբար, մոլորակի ամենատարեց բնակիչն է, բայց նա չի դիմել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար: Այդ մասին վանականին խնդրել են նույնիսկ նրա աշակերտները:

Շիվանանդն իր տարիքից շատ ավելի երիտասարդ է թվում: Նրա խոսքերով՝ հասնել այդ տարիքին նրան օգնել են յոգան, կարգապահությունն ու կուսակրոնությունը:

Տղամարդը հինգ տարեկան հասակում զրկվել է ծնողներից և նրան դաստիարակել է տեղի գուրուն: Հետագայում նա որոշել է վանական դառնալ և այդ օրվանից ապրել է համեստ կյանքով: Շիվանանդը հրաժարվել է սեռական կյանքից, համեմունքներով սննդից և անգամ կաթից, կարագից և մրգերից՝ դրանք չափազանց «համեղ սնունդ» համարելով:

Բացի այդ՝ վանականը քնում է հատակին՝ գլխի տակ փայտի կտոր դնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել