168.am-ը գրում է․

Օրերս ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 16-րդ միջազգային նիստում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խախտելով ԼՂ հակամարտության կողմերի քայլերին ու հայտարարություններին հավասարակշռված անդրադառնալու ավանդույթը և անհրաժեշտությունը, քննադատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի հայտարարությունը, որում տեղ էր գտել «Արցախը Հայաստան է, և վերջ» պնդումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, մասնավորապես, թե երկխոսությունն այսօր, ըստ էության, դեռ չի վերսկսվել, սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկեր չկան:

«Վերջին շրջանում իրավիճակը շփման գծում բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են, և դրանք շատ խոշոր չեն»,- ասել էր Լավրովը՝ միաժամանակ հայտարարելով, որ առաջխաղացում էլ բանակցություններում չկա: Նրա խոսքով` նախապատրաստվում է «պահվող անձանց փոխանակում». դանդաղ, բայց այնուամենայնիվ, ինչ-որ գործընթաց ընթանում է։ «Կարող եմ ասել, որ ներկայումս իրավիճակն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացն արգելակված է, և չի հաջողվում այն հանել այդ վիճակից»,- ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը:

Սերգեյ Լավրովը նաև բողոքել էր, որ կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը:

Նա հիշատակել էր, մասնավորապես, «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտնի հայտարարությունը: «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են բառեր, թե՝ «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարությունները, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»,- Սոչիում ասել էր Ս. Լավրովը: Նույն միջոցառման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ արձագանքելով «Արցախը Հայաստան է, և վերջ» դիտարկմանը՝ նշելով, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն  անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի  հնչեցրած մեկնաբանություններին՝ նշել էր, թե դիակների փոխանակում տեղի չի ունեցել, այլ արցախյան կողմը, որպես մարդասիրական քայլ, թույլ է տվել Ադրբեջանի ԶՈւ ծառայողի դիակի տարհանում:

«Պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում, այլ հանդես է գալիս հումանիտար իրավունքի շրջանակներում յուրաքանչյուր առանձին դեպքի հասցեագրման դիրքերից»,- ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքով` Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է:

Միևնույն ժամանակ, ըստ նրա՝ հայկական կողմը կարևոր է համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից: Ավելի վաղ ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հակադարձել էր Հայաստանի վարչապետի պնդումներին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային պահանջների մասին վեճ չէ:

«Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար ընդունելի ձևաչափով: Հակամարտության կողմերը, սակայն, Հայաստանն ու Ադրբեջանն են: Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում կա հայկական և ադրբեջանական համայնք, ղարաբաղյան հակամարտությունը չունի կարգավորման այլ մոդել, քան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր Սոչի կատարած աշխատանքային այցի ընթացքում  նշել էր, որ շարունակվելու է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը, և շուրջ 5 միլիարդ դոլարի  սպառազինության շուրջ պայմանավորվածություններից իրականացվել է 3 միլիարդը, ակնարկելով շուրջ 2 միլիարդի հասնող պայմանավորվածությունների իրականացման մասին:

«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասաց, որ ԼՂ հակամարտության գոտում պատերազմի չվերսկսման գրավականը հակամարտող կողմերի միջև ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանումն է:

Ըստ նրա՝ հավասարակշռության խախտումը՝ և դիվանագիտական, քաղաքական, և ռազմական ոլորտներում, լի է ռիսկերով, քանի որ պատերազմի հավանականությունը քիչ չէ, քանի որ բանակցային ճանապարհով կողմերը չեն կարողանում գալ փոխընդունելի լուծումների: Կողմերից մեկի արած որևէ հայտարարություն, ըստ նրա, ընդունելի չէ մյուս կողմի համար, ցանկացած թե դրական, թե բացասական դիտարկում մերժվում է, քանի որ կողմերը դեռ պատրաստ չեն միմյանց ընդառաջ քայլերի:

«Սովորաբար պատերազմի ցանկությունն այս հակամարտության գոտում զսպվել է այս հավասարակշռության շնորհիվ: Օրինակ, այդ հավասարակշռության առկայության առաջին թեստը  2016 թվականին բռնկված աննախադեպ լարվածությունն էր, և այն գուցե երկարաձգվեր, եթե այդ հավասարակշռությունն էապես խախտված լիներ: Կողմերից մեկին թվում էր, թե այդ հավասարակշռությունն այնպես է խախտվել, որ իրեն թույլ կտա լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Սա համանախագահ երկրները շատ լավ հասկանում են, ուստի մշտապես փորձել են չխախտել հավասարակշռությունը՝ միևնույն ժամանակ պահպանելով  իրենց միջնորդական դիրքը:

Ներկայումս ևս ցանկացած խախտում, որոշում հօգուտ կողմերից միայն մեկի՝ կարող է վնասել ԼՂ հակամարտության գոտում ներկայումս պահպանվող կայունությանը: Մենք գիտենք, որ կողմերը զենք են ձեռք բերում, փորձում են թույլ չտալ կողմերից մեկի կտրուկ առավելությունը: Սա պակաս կարևոր չէ նաև միջնորդների հայտարարություններում: Պատահական չէ, որ միջնորդները խուսափում են հասցեական հայտարարություններից, թեև ես դա հաճախակի եմ քննադատության ենթարկել: Սակայն  միջնորդի տեսանկյունից դա ճիշտ դիրքորոշում է»,- ասաց վերլուծաբանը:

Նա կարծիք հայտնեց, որ ընդհանրապես թե՛ կողմերը, թե՛ միջնորդները պետք է խուսափեն իրավիճակը սրող, օրակարգը փոխող գնահատականներից՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակը շփման գծում չափազանց փխրուն է: Ըստ  նրա՝ ակնհայտ է, որ տարածված հայտարարությունների ներքո պետք է փնտրել այլ պատճառներ՝ փոխըմբռնման պակաս ԼՂ հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների վերաբերյալ:

«Այսինքն՝ բուն բանակցային գործընթացը փակուղում է, լուրջ հարցերի շուրջ քննարկում, փոխըմբռնում չկա, կան միմյանց հետ կապ չունեցող, միմյանց դիրքորոշումներից լիովին կտրված դիրքորոշումներ, որը սրում է իրավիճակը: Այս պայմաններում նույնիսկ հումանիտար գործընթացը երկար չի կարող հաջողություններ գրանցել»,- ասաց Հալբախը:

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ռուսական կողմն անդրադառնում է այն հայտարարություններին, որոնք համարում է, որ կխոչընդոտեն խաղաղ գործընթացին, թեև այդ գործընթացը որևէ դրական հեռանկար ներկայումս չունի:

«Ես չեմ կարծում, թե հակամարտության գոտում սրանով հավասարակշռություն է խախտվում կամ փոխվում իրավիճակը: Իրավիճակը չի կարող գոհացնել, երբ կողմերը հանդիպում են, բայց զուգահեռաբար՝ միմյանց հակասող հայտարարություններ են անում, կամ երկար ժամանակ չեն հնչում իրավիճակը սրող հայտարարություններ, և բավական է մեկ հայտարարություն, որը փոխում է մթնոլորտը:

Այսինքն՝ չկա մեկ ընդհանուր բանակցային թել, չկա կարգավորման տեսլական, կա ապակառուցողական կողմ չդիտարկվելու ցանկություն, որի համար էլ շարունակվում են այս հանդիպումները, տեղի են ունենում փոքր պայմանավորվածություններ, որոնք ավելի վաղ ես դրական էի համարել, բայց ոչ բավարար՝  հետագա բանակցային գործընթացի համար:

Ընդհանուր առմամբ որևէ դրական ակնկալիք բանակցային գործընթացից չունեմ: Կարծում եմ, որ կողմերը չեն ցանկանում, այսինքն՝ հնարավորինս խուսափում են իրավիճակի սրումից հակամարտության գոտում, հենց այդ պատճառով նաև հանդիպում են, հարմար փուլ փորձում գտնել ճնշումների և քաղաքական եղանակով հակամարտությունը մեկ կողմի օգտին կարգավորելու համար: Բայց ընդհանուր առմամբ սա փակուղային իրավիճակ է»,- ասաց վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա, Սկակովի հավաստիացմամբ, Ռուսաստանն այդ առումով խստիվ պահպանել է այն սկզբունքը, որն ունեցել է ի սկզբանե՝ պահպանել հավասարակշռությունը տարածաշրջանում:

«Անկախ նրանից, թե ներկայումս ինչ պայմանավորվածություններ են իրականացվելու, այդ հավասարակշռությունը կպահպանվի, քանի որ Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ և պետք է փորձի իր հնարավոր միջոցներով թույլ չտալ լարում և թույլ չտալ իրավիճակը սրող հայտարարություններ: Ես ևս այն համոզմանն եմ, որ հավասարակշռությունը կողմերի միջև չպետք է խախտվի, դա շատ կարևոր է ներկա իրավիճակում»,- ասաց վերլուծաբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել