Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: Նույն օրը վարչապետի որոշմամբ Վալերիյ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանն իր հաշվին գնացել է արձակուրդ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ: Սակայն Tert.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 3-ին Օսիպյանը աշխատանքի չէր ներկայացել: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը, սակայն, Օսիպյանը հերքել էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել