Hraparak.am-ը գրում է․

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի եւ որոշ մատակարար կազմակերպությունների միջեւ լարվածությունը չի դադարում։ Վերջին մեկ տարում ընկերությունները միմյանց դեմ բողոքներ են ներկայացնում իրավապահներին, հայտարարություններ անում մամուլում։ 

«Շին Արտս» ՍՊԸ տնօրեն Սամվել Սահակյանն օրերս հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու եւ առերեւույթ կատարված ապօրինությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ փարթնըրս» փաստաբանական գրասենյակից: 

««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները, հանդես գալով գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի անունից եւ մատնանշելով իրենց՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից լինելու փաստը եւ լայն կապերը, կարգադրիչ եւ այլ լիազորություններն օգտագործել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շահերին հակառակ՝ նպատակ հետապնդելով դրանք իրենց օգտին ծառայեցնելու եւ վնաս պատճառելու «Շին Արտս» ՍՊԸ-ին: Վերջիններս փորձել են հասնել այն արդյունքին, որպեսզի «Շին Արտս» ՍՊԸ-ն դուրս մղվի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակներից: Արդյունքում «Շին Արտս» ՍՊԸ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս, եւ արժեզրկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հեղինակությունը»,- նշված է հաղորդման մեջ: 

Այն ուղղված է «Հայկական երկաթուղու» տնօրեն Վայկոյի, երկաթուղու անվտանգության պետ, ԱԱԾ գեներալ Դարբինյանի եւ մյուսների դեմ։ «Շին Արտս»-ը նրանց մեղադրում է կազմակերպված հանցագործությունների մեջ։ ««Շին Արտս» ՍՊԸ-ի հետ տարիներ շարունակ պայմանագրեր են կնքվել, որեւէ պայմանագրային պարտավորությունների վերաբերյալ դժգոհություներ չեն եղել, եղել են պայմանագրային փոխհարաբերությունների հարցեր, որոնք ընթացքում շտկվել են։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցները, հանդես գալով տնօրենի անունից, գործողություններ են ձեռնարկել «Շին Արտս» ՍՊԸ-ն եւ «Լիոն Պրինտինգ սերվիս» ընկերություններին դուրս մղելուն մատակարարների շարքերից»,- ասել է Տիգրան Ղազարյանը, ով ներկայացնում է «Շին Արտս» ՍՊԸ-ի շահերը։ «Երկաթուղում» այս մեղադրանքներին փիլիսոփայորեն են մոտենում։ 

«ՀԿԵ-ն բաց ու թափանցիկ մրցույթներ է իրականացնում ապրանքների ու ծառայությունների գնման համար: Երեւի ուզում են, որ բաց ու թափանցիկ չլինի, որ միայն «Շին Արտսը» մասնակցի մրցույթին ու հաղթի»,- մեկնաբանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ խոսնակ Ռուբեն Գրձելյանը։ Ըստ նրա՝ 2014-2015 թվականներին «Շին Արտս» ՍՊԸ-ն մրցութային ընթացակարգերի արդյունավետության կատարելագործման արդյունքում սկսել է պարտվել ավելի ցածր գին եւ ավելի բարձր որակ առաջարկող մրցակիցներին եւ աստիճանաբար դուրս է մղվել ՀԿԵ-ի մատակարարների շարքերից: Սա է դժգոհությունների սկզբնաղբյուրը։ 
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է 2018 թվականի դեկտեմբերին։ Օգոստոսին ՀԿԵ-ում խուզարկություններ եղան, առգրավվեցին ընկերության բոլոր փաստաթղթերը՝ 2008 թվականից սկսած։ Չարաշահումների չափերը մինչ օրս ստույգ հայտնի չեն։ Տարբեր թվերի մասին է հայտարարվում՝ 60 մլն դոլարի մասին սեպտեմբերին խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետո թիվն աճեց՝ դառնալով 105 մլն դոլար, իսկ վերջերս ՔԿ-ն հայտարարեց, որ խոսքը 9,7 մլն դրամի ԱԱՀ չվճարելու մասին է։ Մինչ օրս գործով մեղադրյալ չկա։ Իսկ ՀԿԵ գլխավոր տնօրեն Վալկոն հոկտեմբերի 4-ին հայտարարեց, որ բեռնափոխադրումների ծավալը 2018 թվականի համեմատ աճել է 7,7%-ով, իսկ բեռների շրջանառությունն ավելացել է 14,3%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել