Բժշկության բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ուիլյամ Քելինին, Պետեր Ռատկլիֆին եւ Գրեգ Սեմենցեին այն հայտնագործության համար, թե ինչպես են կենդանի բջիջներն արձագանքում թթվածնի ներկայությանը: Այդ մասին հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմում հայտարարել է Կարոլինյան բժշկական ինստիտուտին առընթեր Նոբելյան կոմիտեն:

Երկուշաբթի օրը ներկայացված դափնեկիրների պարգեւատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Նոբելյան մրցանակի հիմնադիր՝ շվեդ ձեռնարկատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833-1896 թթ.) մահվան օրը: Նրա կողմից կտակված հինգ մրցանակից չորսը սովորաբար հանձնվում է Ստոկհոլմում: Խաղաղության մրցանակը, դրա հիմնադրի կամքի համաձայն, հանձնվում է Օսլոյում, նույնպես դեկտեմբերի 10-ին:

Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կազմում է 9 մլն շվեդական կրոն (950 հազար դոլարից փոքր-ինչ պակաս): Ֆիզիոլոգիայի եւ բժշկության գծով մրցանակի հանձնումով մեկնարկել է «նոբելյան շաբաթը»: Վաղը՝ հոկտեմբերի 8-ին, հայտնի կդառնա ֆիզիկայի գծով դափնեկիրը, իսկ հոկտեմբերի 9-ին՝ քիմիայի բնագավառի դափնեկիրը: Հոկտեմբերի 10-ին կհայտարարվեն 2018 եւ 2019 թվականների համար գրականության բնագավառի դափնեկիրները: Խաղաղության մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 11-ին: Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը 1969 թվականին հիմնվել է Շվեդիայի բանկի կողմից, կշնորհվի հոկտեմբերի 14-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել