Pastinfo.am-ը գրում է.

«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով մեղադրվող բժիշկներից երկուսն արդարացվել են: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող բժիշկներ Տիգրան Սարգսյանը և Արամ Գրիգորյանն արդարացվել են հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը նշեց, որ դատարանի այս որոշման դեմ առաջիկայում վերաքննիչ բողոք կներկայացնի:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Մերի Մարգարյանը մահացել է 2015թ-ի հուլիսի 29-ին, մահվան հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը: Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բժիշկներ նրանից երկուսի՝ Շուշանիկ Բախշյանին և նույն ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյան վերաբերյալ քրեական գործը դեռևս քննվում է առաջին ատյանի դատարանում: Ինչ վերաբերում է արդարացված բժիշկներ Արամ Գրիգորյանին և Տիգրան Սարգսյանին, ապա հատկանշական է, որ դեռևս նախաքննության փուլում քրեական գործի վարույթը կարճվել էր և նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել՝ հանցակազմի բացակայության հիմքով, սակայն դատախազը վերացրել էր քննիչի այդ որոշումը:

Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Սարգսյանը 2015թ-ի հուլիսի 26-ին` առավոտյան ժամը 09.00-ից կատարելով հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգի պարտականությունները, ժամը 16.20-ից բարձր ջերմության, մարմնի թուլության, ձախ գոտկային շրջանի ցավեր ախտորոշմամբ հոսպիտալացրել է Մերի Մարգարյանին, ում մոտ լույս հուլիսի 27-ի գիշերը ՝ժամը 04.00-ին, նկատվել է բացասական դինամիկա, սակայն լրացուցիչ հետազոտություններ չի կատարել։ Մասնավորապես՝ չեն կատարվել արյան, մեզի ընդհանուր քննություններ, արյան բիոքիմիական հետազոտություն, կաոգուլոգրամմա, լյարդի ֆունկցիոնալ փորձեր` ՄԱՏ, ԱՍՏ, ԳԳՏ, հիմնային ֆոսֆատազա ֆերմենտների ակտիվության որոշում, որոնք իրականացնելու դեպքում հնարավոր կլիներ մտածել հնարավորինս շուտ կեսարյան հատման միջոցով ծննդալուծում կատարելու մասին, ինչը կարող էր կանխել բազմաօրգանային անբավարարության խորացումն ու HELLP համախտանիշի զարգացումը։ Արամ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա 2015 թվականի հուլիսի 27-ին` ժամը 04.00-ին, նույն բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյանի կողմից հրավիրված լինելով զննելու Մերի Մարգարյանին, վերջինիս մոտ բացասական դինամիկա նկատվելու պարագայում դիտումը կատարելուց հետո հիվանդության պատմագրի գրառումներում որևէ գրավոր խորհրդատվություն` նշանակում չի կատարել, ինչպես նաև չի կատարել լրացուցիչ հետազոտություններ:

Դատարանն արձանագրել է, որ գործով ապացույցների անհրաժեշտ և բավարար համակցություն ձեռք չի բերվել, որպեսզի Տիգրան Սարգսյանի և Արամ Գրիգորյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման վերաբերյալ յուրաքանչյուր փաստական հանգամանք դատարանը հաստատված համարի այն խորությամբ և այն աստիճան, որ կասկած չմնա դրանց ապացուցվածության վերաբերյալ, իսկ դատարանին ներկայացված ապացույցներով այդ հանգամանքների ապացուցվածությունը խիստ կասկած է հարուցում։ Միաժամանակ նաև դատարանը գտել է, որ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների համադրված վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ բավարար չեն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ ամբաստանյալներից յուրաքանչյուրը՝ Սարգսյանը և Գրիգորյանն ունեցել են հետազոտությունները կրկնելու, իսկ ամբաստանյալ Ա.Գրիգորյանը՝ նաև նշանակումներ կատարելու և գրառելու պարտականություն։ Ավելին, չի հիմնավորվել նաև հիշյալ հետազոտությունները կատարելու աներկբա անհրաժեշտությունը: Նշենք, որ արդարացված բժիշկներ Արամ Գրիգորյանի և Տիգրան Սարգսյանի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Կարեն Սարդարյանը: Ինչ վերաբերում է գործով մյուս բժիշկներ՝ Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին, ապա նրանց վերաբերյալ գործով դեռևս նախորդ տարի օգոստոս ամսին նշանակվել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, և փորագետներին առաջադրվել 36 հարց: Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության առկայության պայմաններում դատաքննությունը կշարունակվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել