168.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում անցկացվող «Վալդայ» համաժողովին  խոսել էր արցախյան հակամարտության մասին: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը՝ նա նշել էր. «Կցանկանայի  անդրադառնալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը, գրեթե բառացիորեն՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Առաջին հերթին՝ դա, մեղմ ասած, սուտ է, Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»:

Նա հակադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը՝ ըստ որի՝ հակամարտության կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի՝ ինչպես  Հայաստանի, Արցախի, այնպես էլ՝ Ադրբեջանի համար.

«Հայաստանի վարչապետը հաճախ է ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի՝ ինչպես  Հայաստանի, Ղարաբաղի,  այնպես էլ՝ Ադրբեջանի ժողովուրդների համար: Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած է եղել ադրբեջանցի և հայ բնակիչներից, որոնք հավասար իրավունքներ են ունեցել»:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը, սակայն, Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անսպասելի չի համարում՝ հաշվի առնելով մինչ այդ եղած առավել սուր հայտարարությունները, որոնք կասկածի տակ էին դնում նույնիսկ Երևանի և Սևանի պատկանելությունը.

«Ալիևն ընդամենը հերթական անգամ փորձել է պատասխան տալ և ըստ էության՝ նույն ոճով մի ֆորմուլա է տվել: Այստեղ, ինչ-որ տեղ, ես տեսնում եմ, ժամանակակից լեզվով ասած, «թրոլինգի» նշաններ:

Բոլոր թեզերը, որի մասին Փաշինյանը հայտարարել է, Ալիևն առանց դիվանագիտական այլևայլ հնարքների՝ մերժել է, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բանակցային գործընթացն ուղղակիորեն փակուղում է:  Իմ կարծիքով՝  այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ այն փաստաթուղթը՝ Մադրիդյան սկզբունքներ կոչեցյալը,  որը դրված է սեղանին 2007թ.-ից, խաղաղության  չբերող փաստաթուղթ է: Դա, կարծես թե, երկու կողմերին էլ առանձնապես ձեռք չի տալիս, չեմ խոսում երրորդ կողմի մասին՝ Արցախի:  Կողմերն  իմիտացիա են անում, որ զբաղված են հարցի լուծմամբ»:

168.am-ի հարցին, թե հաշվի առնելով, որ հայտարարությունը եղել է ՌԴ-ում՝ կարո՞ղ ենք ակնկալել, որ պաշտոնական Մոսկվան կարձագանքի դրան՝ քաղաքագետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կլինի մոտավորապես հայտարարություն, որ` երկու կողմերին էլ կոչ ենք անում ծայրահեղական բնույթի հայտարարություններից զերծ մնալ»:

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել «Վալդայ» համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում էր. «Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել