Հնդկաստանի և Պակիստանի միջև հավանական միջուկային հակամարտությունը մեկ շաբաթում 50-125 միլիոն մարդու մահվան պատճառ կդառնա և մոլորակի կլիմայի լուրջ փոփոխություններ կառաջացնի: Science Advances պարբերականում հրապարակված ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունը հակիրճ ներկայացնում է ArsTechnica-ն:

Փորձագետները ցույց են տվել, որ միջուկային պայթյուններից ձևավորված ածխածին պարունակող աերոզոլները, մասնավորապես մուրը (16-36 միլիոն տոննա), բարձրանալով տրոպոսֆերայի վերին շերտերը, կկլանեն Արևի լույսը, ինչը 20-30 տոկոսով կնվազեցնի ճառագայթների հասանելիությունը Երկրի մակերևույթ:

Հետագա գլոբալ սառեցումը (2-50 C) Երկրագնդի ամբողջ տարածքում կհանգեցնի տեղումների կրճատմանը 15-30 տոկոսով: Միևնույն ժամանակ, օրինակ, Հնդկաստանում և Կենտրոնական Չինաստանում միջին տարեկան տեղումները կհասնի գրեթե զրոյի, իսկ ԱՄՆ-ի արևմուտքում և հյուսիս-արևելքում` գրեթե 50 տոկոսով:

Երկիրը կսառչի ամենից շատ միջուկային պատերազմի սկսվելուց հետո: Այս ջերմաստիճանը կպահպանվի հաջորդող չորս տարիների ընթացքում: Մթնոլորտը նախկին ջերմաստիճանին կվերադառնա ավելի քան տասը տարի հետո (հակամարտության սկզբից):

Հեղինակների մոդելը հիմնված է Հնդկաստանում և Պակիստանում միջուկային զենքի աճի կանխատեսման վրա, ըստ որի, մինչև 2025 թվականը երկրները կունենան 400-500 միավոր նման զենք՝ յուրաքանչյուրը՝ տասնյակ հարյուրավոր կիլոտոն հզորությամբ: Միևնույն ժամանակ, ըստ հեղինակների, Հնդկաստանը հակամարտության ժամանակ կօգտագործի մոտ 100 ռազմավարական հրթիռ, իսկ Պակիստանը՝ 150:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել