Ինչպես հայտնի է, Երրորդ ռեյխի գաղափարախոսության հիմքում ընկած էր արիական ցեղի ներկայացուցիչների գերակայությունը մյուս բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների նկատմամբ: Իրենց էթնոսի հետագա զարգացումը նացիստները տեսնում էին սեփական գենետիկական ժառանգության արմատավորման և կատարելագործման մեջ: Այդ նպատակով նրանք մշակել էին սեփական գաղտնի ծրագիրը, որը կոչվում էր Lebensborn, թարգմանաբար՝ «Կյանքի աղբյուր»:

Ի սկզբանե միտքն այն էր, որ սպաների համար հարկավոր էր ընտրել «մաքուր ռասայով» կանանց, որոնց հետ նրանք կամուսնանային, կունենային և կմեծացնեին «սուերերեխաների», որոնք էլ Գերմանիայի ապագան կդառնային: Նման միությունների արդյունքում լույս աշխարհ է եկել, օրինակ, հայտնի Աննի-Ֆրիդ Լինգստադը՝ ABBA լեգենդար խմբի մենակատարուհին: Սակայն ժամանակի ընթացքում նախագծի կոնցեպցիան փոփոխությունների ենթարկվեց և սարսափելի դարձավ:

Կանայք, որոնք ընտրվում էին նախագծին մասնակցելու համար, ապրում և ծննդաբերում էին հատուկ հաստատություններում, որտեղ հարմարավետության լավագույն պայմաններ էին ստեղծված: Նման առաջին տունը հիմնվեց Մյունխենից ոչ հեռու գտնվող մի գյուղակում 1936 թ.: Իսկ այն բանից հետո, երբ Գերմանիան շրջափակեց գրեթե ողջ Եվրոպան, սուպերերեխաների «արտադրությունը» նաև սահմաններից դուրս անցավ:

Առավել մեծ տարածում նախագիծը ստացավ Նորվեգիայում: Կապուտաչյա, սպիտակամորթ նորվեգուհիներին նացիստները համարում էին արիական ռասայի ներկայացուցիչներ: Իսկ կանանց համար գերմանացի սպաներից երեխա ունենալը պատերազմի տարիներին փրկվելու միակ եղանակն էր, ըստ էության, այդ իսկ պատճառով նրանք չէին հրաժարվում և կամավոր էին հղիանում:

Lebensborn-ի գոյության տարիներին Գերմանիայի տարածքում ծնվեց շուրջ 8 հազար զտարյուն արիացի, իսկ Նորվեգիայում՝ մեկուկես անգամ ավելի:

1938 թ. որոշվեց տեմպերը բարձրացնել, և ծրագիրն ընդլայնեցին այն կանանց հաշվին, որոնք համապատասխանում էին չափանիշներին և արդեն հղիացել էին: Ֆինանսական աջակցության դիմաց նրանց առաջարկում էին երեխաներին հատուկ մանկատներ հանձնել, որտեղ փոքրիկներին դաստիարակում էին և յուրահատուկ կերպով սնում: Իսկ այս նպատակով մի քանի երեխա լույս աշխարհ բերած կանանց պարգևատրում էին «Երկաթե խաչով»:

Նախագիծն առաջ մղող Հենրիխ Հիմլերի որոշմամբ մեկ տարի անց էսէսականները սկսեցին պարզապես առևանգել երեխաներին և Գերմանիա տեղափոխել: Երեխաները հիմնականում Լեհաստանից, Չեխոսլովակիայից և Հարավսլավիայից էին: Գերմանիա տեղափոխելուց հետո նրանց զննում էին բժիշկները և խմբերի բաժանում՝ կախված նրանից, թե ինչքան էր երեխաների արտաքինը համապատասխանում արիացիների արտաքին տեսքին:

Այն երեխաներին, որոնց «անպետք» էին համարում, ուղարկում էին համակենտրոնացման ճամբարներ, իսկ համապատասխանողներին «գերմանականացման» էին ենթարկում: Նրանց նոր անուններ էին տալիս, ջնջում նրանց հիշողությունները հայրենիքի և ծնողների մասին, դաստիարակում նացիստական սկզբունքներով: Դրա համար մշակվել էր հատուկ «կրթական» կուրս:

«Գերմանականացման» գործընթացում երեխաներին ուլտրամանուշակագույն ճառագայթման էին ենթարկում, որպեսզի նրանց մազերը ստանան իսկական արիացու մազերի երանգ: Հիմնային կրթություն տրամադրելուց հետո խեղճ երեխաներին հանձնում էին էսէսակաների ընտանիքներին:

Գրեթե բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Lebensborn ծրագրին, ոչնչացվել են պատերազմի վերջին ամիսներին, այդ իսկ պատճառով ճշգրիտ կերպով ասել, թե քանի երեխա է նման ճակատագրի արժանացել, հնարավոր չէ: Ուսումնասիրողները թիվը գնահատում են մոտ 2 հազար:

Գերմանիայի շրջափակումից հետո նորվեգուհիները, որոնք կամավոր մասնակցել էին նախագծին, անելանելի դրության մեջ հայտնվեցին: Իշխանությունների թույլտվությամբ նրանց հաճախ հանրորեն ծեծի էին ենթարկում և նվաստացնում: Էսէսականներից ծնված երեխաները վտարանդիներ դարձան: Որպես բարի կամքի դրսևորում՝ Շվեդիան մի քանի հարյուր այդպիսի երեխայի ընդունեց: Այսպես շվեդուհի դարձավ նաև Աննի-Դրիդ Լինգստադը, ում հայրը էսէսական սերժանտ էր և մահացել էր պատերազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել