«168 ժամ» օրաթերթը գրում է.

«Մասնավոր ինքնաթիռով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։

Փաշինյանը դեռ ԱՄՆ-ում էր, երբ մամուլը պարզեց, որ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը պետական բյուջեի համար արժեցել է ավելի քան 350 հազար ԱՄՆ դոլար, այժմ պարզվել է նաև, թե որ ընկերությանն է վճարվել այդ գումարը։

«Հետք» կայքն իր ծավալուն հոդվածում պարզել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 21-ին Գյումրիից ԱՄՆ հասցրած մասնավոր «Gulfstream G550» ինքնաթիռը պատկանում է ուկրաինացի քաղաքական գործիչ Նեստոր Իվանովիչ Շուֆրիչին, ով Ուկրաինայում որպես «Ընդդիմադիր բլոկի» ներկայացուցիչ՝ 2019 թվականին վերընտրվել է պատգամավոր, նա մինչև պատգամավոր ընտրվելը պաշտոններ է զբաղեցրել տարբեր ձեռնարկություններում:

«168 ժամ»-ը վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեց պարզել՝ ինչո՞վ է պայմանավորված վարչապետի ամերիկյան այցի համար հենց ուկրաինացի գործչին պատկանող ընկերության ինքնաթիռի վարձակալումը։ Հարցին ի պատասխան՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց.

«Ասեմ, եթե մեկ ուրիշ ընկերության պատկանող ինքնաթիռ լիներ, կարող էր հարցը լինել, թե ինչու է այդ ընկերությունն ընտրվել։ Որևէ միտում չկա։ Ընտրությունը կատարվել է նպատակահարմարությունից ելնելով»,- ասաց  Կարապետյանը։

Հարցին՝ իսկ այն, որ տվյալ ընկերությունը պատկանել է ուկրաինացի գործարարին, արդյոք որևէ դերակատարում չի՞ ունեցել Կառավարության նպատակահարմարության մեջ, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ո՛չ, չի ունեցել»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել