168.am-ը գրում է․

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հաձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նրանց ուշադրությունը հրավիրեց ոչ այնքան սխալ ամսաթվով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնական գրություն ուղարկելու, այլ այդ գրության՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի ֆեյսբուքյան էջում հայտնվելու վրա։

«Ես ուզում եմ, որ ՍԴ-ն գնահատական տա, ես հրապարակավ դիմում եմ ՍԴ-ին, որ այս վարքագծին գնահատական տա»,- ասել էր Վարդանյանը։

168.am-ը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից փորձեց պարզել Վլադիմիր Վարդանյանին հետաքրքրող հարցը։

«Եթե Վլադիմիր Վարդանյանը, ՍԴ-ի աշխատակազմի ղեկավար աշխատելով, մինչև հիմա չգիտի, թե ինչ ձև են հայտնվում դատարանին ուղղված գրությունները աշխատակազմի ղեկավարի մոտ, ապա, կարծում եմ, լրացուցիչ պետք է պարզաբանումներ տա, թե ինչ որակով է ինքն էստեղ աշխատել: Իսկ ինչ վերաբերում է դա ֆեյսբուքյան էջում հրապարակելուն, ապա ինքն ուզում է իմանա, թող մեզ հարցնի, կասենք, մենք իրեն կպատասխանենք»,- ասաց  Ղազարյանը՝ նշելով, որ օրենքի խախտում չէ այն, որ ինքը ՍԴ նախագահին ուղղված գրությունը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանն ավելի վաղ  հրապարակել էր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ստորագրությամբ ստացված գրությունը, որով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին խորհրդարան են հրավիրել հոկտեմբերի 24-ին, մինչդեռ խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին:

«Ցավալի է, որ ԱԺ-ում՝ գրությունը պատրաստողից մինչև ստորագրություն դնող, նման անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ»,- հրապարակված փաստաթղթին կից գրել էր Ղազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել