Սկզբում՝ ես արցախցի չեմ և, հետևաբար, չեմ կարող բանակցել Արցախի անունից։

Հետո՝ շփվեցի Ալիևի հետ ու նա շատ կիրթ և նորմալ մարդու տպավորություն թողեց, համ էլ՝ բանակցությունների պատմությունից էի նրանից հետաքրքրվում։

Արանքում՝ կարող է հայ–իրանական սահմանը փակվել, իսկ Բոլթոնը լավ տղա է։

Դավադրաբար՝ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են լարվածություն ստեղծել շփման գծում և տարածք հանձնել, որպեսզի վնասեն կառավարությանը։ Արցախի 3 նախագահներին ասել «ոչ» և հայտարարել, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի։

Այնուհետև՝ պետք է հակամարտության այնպիսի լուծում գտնել, որ բավարարի Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին։

Հանկարծ՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Բակո Սահակյանը՝ Արցախի մարզպետ։ Արտաքին ու ներքին քաղաքականության «ծռացում»։

Վերջում՝ հանրահավաք Պուտինի դեմ։

Ամենավերջում՝ ափալ-թափալ նետվել «Զվարթնոց», որպեսզի մինչև Պուտինի ավտոշարասյան հասնելը տեղում լինես ու դիմավորես նրան՝ դուրս գալու համար ՌԴ դեսպանատանը տեղի ունեցածի հոգեխանգարմունք առաջացնող վիճակից։

Արդյունքում՝ միջնորդները պաշտոնական Երևանին մեղադրում են բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար, իսկ Ալիևը Պուտինի կողքը կանգնած ու միջազգային լսարանի առաջ հայտարարում է․ «Արցախը Ադրբեջան է, և վե՛րջ»՝ վերջում չմոռանալով բացականչական նշան դնել։ Ադրբեջանն առավել, քան երբևէ ստացել է ռազմական գործողությունների անցնելու լեգիտիմ քարտ բլանշ, և դա՝ Հայաստանի «դուխով» ու «ինքնիշխան» քաղաքականության հետևանքով։

Հարց՝ ով է և ինչքան է վճարելու պաշտպանյալի ապաշնորհ, վտանգավոր ու անհեռատես արտաքին և ներքին քաղաքականության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել