168.am-ը գրում է․

168.am-ի զրուցակիցն է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը

-Պարոն Դավթյան, նախօրեին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ գազի գների հարցում չի լինի մի իրավիճակ, երբ դեկտեմբերին քննարկում կազմակերպվի, ապա անակնկալ մատուցվի և հունվարի 1-ից կամ նույնիսկ դրանից 3 ամիս անց գազի սակագինը բարձրանա: Նա նաև նշել էր, որ ձմռան ամիսներին թանկացում չի լինի: Որքանո՞վ են արժանահավատ Մհեր Գրիգորյանի պնդումները՝ հաշվի առնելով Ձեր ավելի վաղ արած պնդումը, թե գազի սակագինը բարձրանալու է հունվարի 1-ից:

– Օբյեկտիվորեն, եթե հարցը դիտարկենք քաղաքական համատեքստից դուրս՝ միմիայն տնտեսական տրամաբանության մեջ, ապա այն մակրոտնտեսական գործընթացները, որոնք մենք տեսնում ենք համաշխարհային շուկայում, էներգետիկ շուկայում՝ թե նավթի, թե գազի շուկաներում, թույլ են տալիս մեզ ասել, որ, իհարկե, մենք, և ոչ միայն մենք, այլև բոլոր գազ սպառող պետությունները, արդեն պետք է ադապտացվենք մի իրավիճակի, որում գազի գինն այլևս դառնում է անկանխատեսելի: Խոշոր հաշվով, կարող ենք խոսել այն մասին, որ մենք թևակոխում ենք կամ արդեն թևակոխել ենք մի ժամանակաշրջան, որը կարելի է այս առումով բնութագրել՝ որպես ավելի ու ավելի թանկացող բնական գազի ժամանակաշրջան, և սրա մասին են վկայում մի շարք միջազգային վերլուծականներ կենտրոնների հետազոտություններ: Սակայն, երբ հարցը դիտարկում ենք հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանության շրջանակներում, ապա ակնհայտ է, որ միմիայն տնտեսական տրամաբանությունն այստեղ մեզ օգնել չի կարող, և գործի է դրվում քաղաքական գործիքակազմը:

Այդ հայտարարությունից ես, իհարկե, կարող եմ կռահել հետևյալը, որ, թերևս, ձեռք է բերվել նախնական համաձայնություն կամ առնվազն բանակցություններ են ընթանում այն բանի շուրջ, որպեսզի գոնե բնական գազի սպառման պիկային ժամանակահատվածում, այսինքն՝ ձմռանը, ռուսական կողմն այս հարցում ստատիկ վիճակ ապահովի: Այսինքն՝ չգնա բնական գազի գնի բարձրացման: Խոսքը միմիայն ձմռան մասին է, որը, կրկնում եմ, պիկային է սպառման առումով: Ակնհայտ է, որ դեկտեմբերին բնական գազի գնի բարձրացումը կարող է հանգեցնել սոցիալական դժգոհության մի մեծ ալիքի, ինչը շատ լավ հասկանում են իշխանությունները և հնարավորինս փորձում են խուսափել դրանից:

Հավանաբար, վերջին քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ, ձեռք է բերվել այսպիսի անցումային մի համաձայնություն: Բայց այն ևս, ըստ իս, որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ այն այնուամենայնիվ կարճաժամկետ լուծում է՝ հաշվի առնելով այն բարդ տնտեսական վիճակը, որում գտնվում է այսօր ՌԴ-ն, այդ թվում՝ էներգետիկայի առումով: Բնականաբար, ինչ-որ մի պահի՝ 2020 թվականին, ստիպված է լինելու գնալ բնական գազի գնի բարձրացման. բավական է հետևել այն հռետորաբանությանը և ռազմավարությանը, որը Ռուսաստանի Դաշնությունը կիրառում է ասիական շուկաներում և ավելի  կոնկրետ հետխորհրդային պետություններում, մասնավորապես՝ Բելառուսի ուղղությամբ:

– Այսինքն՝ Մհեր Գրիգորյանի վերոնշյալ հայտարարությունը Փաշինյան-Պուտին գազային բանակցությունների արդյո՞ւնքն էր:

– Հավանաբար: Ինչպես հայտնի է, ռուսական կողմն այս բանակցությունների ընթացքում առաջարկել է գազի գինը բարձրացնել, ձեռք է բերվել որոշակի կոմպրոմիսային տարբերակ սեպտեմբերի սկզբին, բայց դրա մասին չէր հնչեցվում, քանի որ այն պետք է ամրագրվեր երկու երկրների առաջնորդների մակարդակով: Այժմ, երևի թե, չեմ կարող պնդել, ենթադրում եմ, որ ինչ-որ արձանագրում եղել է երկու առաջնորդների կողմից, այդ իսկ պատճառով հայկական կողմը հանդես է գալիս նման հռետորաբանությամբ: Բայց քանի որ ՌԴ էներգետիկ և, մասնավորապես՝ սակագնային քաղաքականությունը մենք կարող ենք բնորոշել՝ որպես անկանխատեսելի, հետևաբար՝ բավականին զգույշ է հնչեցվում նաև այն հայտարարությունը, որի մասին խոսեցիք: Կրկին ենթադրում եմ, որ կիրառական վերջնական որոշում կայացված չէ:

– Եթե ձմռանը գազի գինը չբարձրացնելու պայմանավորվածություն կա, սակայն ռուսական կողմն առաջարկել էր բանակցությունների ընթացքում բարձր գին, ե՞րբ պետք է սպասել բարձրացում, քանի՞ տոկոսով՝ հաշվի առնելով նաև մամուլում շրջանառվող 30 տոկոսանոց բարձրացման վարկածը:

– Երբ մենք հետևում ենք «Գազպրոմի» գնային քաղաքականության իրականացման մեթոդաբանությանը, ապա կարող ենք, թերևս, ենթադրել, որ բնական գազի գնի աճ կարող ենք ակնկալել 2020 թվականի ապրիլ ամսին, որովհետև ավանդաբար երկու փուլով են իրականացվում սակագնային կարգավորումները՝ աշնանը և գարնանը: Հետևաբար՝ կարելի է ակնկալել գարնանը, մասնավորապես՝ ապրիլ ամսին: «Գազպրոմը» պատրաստել է սակագնային քաղաքականության նոր փաթեթ, որը պետք է գործի դնի եվրոպական, ասիական ուղղությամբ, և ես չեմ բացառում, որ հայկական քեյսը ևս տեղավորվի այդ փաթեթի մեջ: Չեմ բացառում, որ այստեղ նաև յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերվի, և հարցը դիտարկվի «Գազպրոմի» սակագնային քաղաքականության ընդհանուր մեթոդաբանությունից դուրս, ելնելով քաղաքական նկատառումներից:

Ինչ վերաբերում է սահմանին սակագնի բարձրացմանը, ապա ԶԼՄ-ներում խոսք էր գնում 30 տոկոսի մասին, ես կարծում եմ, որ սա մի փոքր ուռճացված կանխատեսում է: Մենք այսօր հիմքեր ունենք խոսելու մոտավորապես 20-22 տոկոս բարձրացման մասին: Նորից եմ կրկնում, զուտ ելնելով այն գործընթացներից, որոնց մենք հետևում ենք համաշխարհային շուկայում և, մասնավորապես, Ռուսաստանի գազատրանսպորտային քաղաքականությունում առկա միտումներում:

Մասնավորապես՝ 2018 թվականի դրությամբ Ռուսաստանի արտահանվող բնական գազի գինը բարձրացել է մոտավորապես 22-25 տոկոսով՝ հասնելով 240 դոլարի, և այս միտումները շարունակվում են գլոբալ կտրվածքով, թեև Եվրոպայում որոշակի նվազումներ են տեղի ունեցել: Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք կանխատեսել 20-22 տոկոսանոց աճ:

Մենք հստակ պետք է տարանջատենք գազի գինը սահմանին և գազի գինը երկրի ներսում: Ես ուզում եմ մի քանի սցենար առաջարկել: Ռուսական կողմը՝ կլինի դա հունվարի 1-ին կամ ապրիլի 1-ին, դիցուք, սահմանին բարձրացնում է Հայաստանի համար գազի գինը, սա ուղղակիորեն անդրադառնում է երկրի ներսում սակագնային քաղաքականության վրա, ստեղծում է բավականին բարդ իրավիճակ:

Երկրորդ սցենարի համաձայն՝ ռուսական կողմը, ելնելով քաղաքական նկատառումներից, բանակցային գործընթացից, այնուամենայնիվ որոշում է կայացնում վիճակը թողնել անփոփոխ և չգնալ գնային փոփոխությունների 2020 թվականին, բայց միևնույն է, հաշվի առնելով այն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն արդեն բազմիցս հայտարարել է, որ ի վիճակի չէ այլևս զսպելու երկրի ներսում սակագների աճը, հավանաբար՝ դեկտեմբեր ամսին ընկերությունն առաջարկով կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ երկրի ներսում սակագներն առնվազն 5-7 տոկոսով բարձրացնելու համար: Սա այն սցենարն է, որը ես բավականին հավանական եմ համարում: Այստեղ պետք է մի բան հստակ փաստենք, որ, անկախ սահմանին գազի գնի վերանայմանը կամ ստատիկ մնալուն, երկրի ներսում այլևս սակագնային աճը զսպելը գնալով ավելի ու ավելի բարդ է դառնում: Եվ պատահական չէ, որ այսօր «Գազպրոմ Արմենիան» հայտարարում է աշխատակազմի կրճատման մասին, այսօր շրջանառության մեջ է դրվում ներդրումային ծրագրի արմատական վերանայման հարցը, որպեսզի ընկերությունը կարողանա ապահովել իր եկամտաբերությունը, անվտանգ օպերացիոն աշխատանքը:

– Այսինքն՝ սպառողի համար այլևս հնարավոր չի՞ լինելու պահպանել գազի ներկայիս սակագինը:

– Բնականաբար: Բայց տեսեք, սա թույլ է տալիս կարճաժամկետ անվտանգության բարձիկ ձևավորել՝ շրջանցելով սոցիալական ռիսկերը: Երբ հարցը տեղավորում ենք ավելի երկարաժամկետ ռազմավարական տիրույթում, մենք տեսնում ենք, որ այսպիսի քաղաքականությունը հղի է բավականին լուրջ ռիսկերով և բացասական զարգացումներով, որովհետև հավաստիացնում եմ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակազմի կրճատումը 1000 միավորով սոցիալական ռիսկ է: Առավել կարևոր անվտանգային ռիսկ եմ համարում ընկերության ներդրումային փաթեթի արմատական վերանայումը, որովհետև հենց ներդրումների շնորհիվ է իրականացվում մեր գազատրանսպորտային համակարգի մոդեռնիզացումը, ընդլայնվում է Աբովյանի ստորգետնյա գազի պահուստարանի հնարավորությունները, որը շատ կարևոր անվտանգային ենթակառուցվածք է, նվազեցվում են կորուստները գազատրանսպորտային համակարգում, և այլն:

Այսինքն՝ հարցը պետք է դիտարկենք ոչ միայն ընթացիկ սոցիալական համերաշխության տեսանկյունից և ավելի հարմար սոցիալակենտրոն սակագների տեսանկյունից, այլև անվտանգային տիրույթում:

Երրորդ սցենարը ևս կարող ենք դիտարկել՝ հնարավոր է, և դրա նախադեպն ունեցել ենք, երբ զսպման արդյունքում երկրի ներսում գոյացել է պարտք, ինչպես 2011-2012թթ., երբ սահմանին գինն աճում էր, երկրի ներսում՝ «ՀայՌուսգազարդը» պահպանում էր գինը, արդյունքում՝ գոյացավ շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք, և մենք ստիպված այդ ընկերության մեզ պատկանող 20 տոկոսը՝ ի մարումն վերոնշյալ պարտքի, փոխանցեցինք ռուսական կողմին: Չեմ բացառում, որ նման քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնի նաև նմանատիպ խնդրի, որի լուծման համար մենք ստիպված կլինենք, թերևս, զիջել ռուսական կողմին, հնարավոր է՝ որոշ գեներացիոն ենթակառուցվածքներ և այլն:

– Իսկ իշխանությունն ինչպե՞ս կարող է նվազեցնել այս ռիսկերը երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի գնաճը չլինի այնքան, որքան Դուք կանխատեսում եք:

– Մենք պետք է խնդիրը տանենք երկարաժամկետ լուծումների ճանապարհով: Նախևառաջ՝ հաշվի առնելով այն, որ մենք թևակոխել ենք բնական գազի գնի անկայունության ժամանակաշրջան, և, թերևս, այդ ժամանակաշրջանը երկար կտևի, պետք է որդեգրենք երկրի էներգետիկ համակարգում բնական գազի տեսակարար կշռի շարունակական նվազեցման քաղաքականություն: Իրականում, նման քաղաքականություն մշակվել է դեռ 2015 թվականին, երբ մշակվեց Հայաստանի էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ծրագիրը մինչև 2036 թվական, որում նշված է, օրինակ, որ գեներացիոն համակարգում բնական գազով աշխատող ՋԷԿ-երի տեսակարար կշիռը ներկայիս 40 տոկոսից պետք է հասցվի 18 տոկոսի՝ շնորհիվ միջուկային էներգետիկայի, հիդրոէներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի զարգացման: Այսինքն՝ այստեղ համար մեկ լուծումը, իհարկե, շարունակական դիվերսիֆիկացիան է, բայց այդ դիվերսիֆիկացիան ապահովելու համար անհրաժեշտ են տարիներ, հետևողական, համակարգային աշխատանք: Հետևաբար՝ խնդրի լուծման համար անհրաժեշտ է բանակցային գործիքակազմ կիրառել, բայց դա, կրկնում եմ, թույլ կտա միմիայն կարճաժամկետ էֆեկտ ապահովել, երկարաժամկետ արդյունքների համար անհրաժեշտ է դիվերսիֆիկացիայի քաղաքականություն վարել:

– Նշեցիք, որ գազի գինը և՛ քաղաքական, և՛ տնտեսական բաղադրիչ ունի: Ներկայիս պրոցեսներում որքանո՞վ է քաղաքական գործոնը գերակշռող:

– Ես կարծում եմ՝ այս 2 գործոնի ազդեցությունը հավասար է: Տնտեսականն էլ շատ հաճախ բացատրվում է քաղաքական գործընթացներով, որովհետև, խոշոր հաշվով, մենք պետք է մեր հնարավորություններն ու տեղը համաշխարհային էներգետիկ շուկայում օբյեկտիվ գնահատենք: Մենք Ռուսաստանից ներկրում ենք տարեկան ընդամենը 1,8-2 միլիարդ խորանարդ մետր գազ: Սա այնպիսի փոքր ծավալ է, որը վաճառելով՝ Ռուսաստանը ո՛չ մեծ շահույթ է հետապնդում, ո՛չ էլ «Գազպրոմ» ընկերության համար լուրջ ֆինանսատնտեսական հարցեր է լուծում: Հետևաբար, երբ մենք տեսնում ենք իրավիճակ, երբ ռուսական կողմը փորձում է առավելապես բացատրել գազի գնի հնարավոր բարձրացումը տնտեսական խնդիրներով, նախադրյալներով, այստեղ ևս մենք նկատում ենք որոշակի քաղաքական համատեքստ:

Այսինքն՝ տնտեսականը սկսում է բանեցվել, օգտագործվել՝ ի շահ քաղաքական գործոնի: Բայց ներկայումս, կարծում եմ, դրանք հավասարազոր են: Ռուսաստանն ավանդաբար էլ կիրառել է գնային քաղաքականությունը՝ որպես աշխարհաքաղաքական գործիք, և, եթե դա տեղի ունենա նաև 2020 թվականին, ապա սրան գումարելով 2019 թվականի 15 դոլարով բարձրացումը՝ կարող ենք ասել, որ միտում կձևավորվի, որը թույլ կտա մեզ խոսելու հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշակի խնդիրների մասին: Բայց առայժմ, կարծում եմ, որ պետք չէ հստակ և վերջնական կանխատեսումներ անել՝ չվնասելու սկզբունքով ուղղորդվելով:

– Փաստորեն, ռուսական կողմը կարող է նաև չբարձրացնել:

– Կարող է բարձրացնել, կարող է և չբարձրացնել: Երբ խնդիրը դիտարկում ենք զուտ մակրոտնտեսական տեսանկյունից, այսինքն՝ ինչպիսին են համաշխարհային շուկայում միտումները, որքանով է բարձրացել ռուսական գազի գինը վերջին մեկ տարվա ընթացքում, ապա, իհարկե, պետք է բարձրացնի, բայց այնպես չէ, որ ՀՀ մատակարարվող գազն ունի միմիայն տնտեսական նշանակություն: Գնագոյացումն իրականացվում է առավելապես քաղաքական մեթոդաբանությամբ: Չնայած պետք է նշեմ, որ նաև դրա շնորհիվ զսպվել է գնաճը վերջին տարիներին: Եթե 2020 թվականին ունենանք գազի գնի բարձրացում, ապա գումարելով դրան 2019 թվականի բարձրացումը 15 դոլարով՝ մենք կարող ենք խոսել բացասական միտումների մասին, մասնավորապես արձանագրել, որ Հայաստանի համար ևս գազի գինը սկսում է կիրառվել՝ որպես աշխարհաքաղաքական գործիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել