168.am-ը գրում է.

«Մեր երկրից մեքենա գնողների 90 տոկոսը ղազախներն են, 50 հազար մեքենա, որը դեռ չի հասել Հայաստան, կմնա մեր երկրի տարածքում» : Ավտոներկրողները այսօր հավաքվել էին Կառավարության առջև պահանջելու, որ երկարաձգեն սեպտեմբերի 26-ի նիստում ընդունված օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ համաձայն որի հունվարի 1-ից  այլեւս ԵԱՏՄ երկրների քաղաքացիները չեն կարող մինչ այժմ կիրառվող տարբերակով ավտոմեքենա գրանցել։ Եթե նախկինում ժամանակավոր գրանցման հիման վրա արագ մեքենան գնում էին, կանգնեցնում հաշվառման եւ երկրից դուրս հանում, ապա հիմա պետք է կամ տրանզիտ համարներով դուրս հանեն, կամ  ՀՀ կացության քարտ ունենան: «Ավտոներկրողների միության» նախագահ  Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ կացության քարտ ունենալու համար մի քանի չափորոշիչների պետք է համապատասխանեն, որոնց ոչ բոլորն են բավարարում:

« Կացության կարգավիճակը պահանջում է, որ նրանք կամ ուսանող լինեն, կամ այստեղ մշտական աշխատանք ունենան, կամ բերակամական կապ ունենան: Վիզային, անձնագրային վարչությունում դա ճշտել եմ և նրանք համարում են անհնարին է գնորդների գրանցումը: Մինչև հիմա էլ նրանք գրանցվում էին, հին օրենքով՝ հյուրանոցում, ինչ-որ մեկի տանը: Հիմա պատկերացրեք, որ նրանք բոլորը հեռանալու են Հայաստանից: Մոտ 50.000 մեքենա սպասում է, որ ներկրվի Հայաստան»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Ավտոներկրողները վստահ են՝ հունվարի 1-ից մաքսատուրքերի բարձանալուց հետո այլևս ոչ ոք չի գալու Հայաստանից մեքենա գնելու, այդ պատճառով պահանջում են ժամանակ տալ իրենց ևս մի քանի ամիս, որորվեհտև ունեն արդեն գնված մեքենաներ, որոնք մինչև հունվարի 1-ը Հայաստան չեն հասնի և չեն կարողանա այլևս վաճառել:

««Իմ քայլը» օրինագիծ է ներկայացրել, ըստ որի պետք է 5 ամսով հետաձգեին այս օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը: Կառավարության նիստում մենք այդպիսի  բան չլսեցինք, դրա համար ենք հիմա այստեղ: Մենք ուզում ենք, որ այդ մեքենաները չմնան որպես գերեզմանատուն Հայաստանում: Չգիտեմ ում մտածածն է այս օրենքը: Եթե Կառավարությունը չընդունի «Իմ քայլի» օրնագիծը», ապա մենք բերելու ենք մեր մեքենաները կանգնեցնենք այստեղ ու թող մեր տված հարկերով գնեն այդ մեքենաները»:

Տիգրան Հովհաննիսյանին փոխանցվեց հեռախոս, թե ո՞ւմը այդպես էլ չպարզվեց, որով վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ երեկ վարչապետը հրամայել է, որ մինչև հուլիսի 1-ը հին տարբերակով մեքենաներ վաճառելու հնարավորությունը երկարաձգեն, որոշումը շուտով կհապարակվի, սակայն միայն հեռախոսազրույցը ավտոներկրողներին չբավարարեց, նրանց հետաքրքրում էր նաև, թե հունվարի 1-ից Հայաստան ներկրվող մեքենաները, որոնք գնվել էին մինչև այդ, ի՞նչ գնով են մաքսազերծվելու:  Այս ընթացքում ավտոներկրողների հետ զրույցի եկավ  անգամ Հայաստանում Լիտվայի ներկայացուցիչ, ո՞ւմ  հետաքրքիր էր, թե ի՞նչ են ուզում հավաքվածները: Բացատրություներ ստանալուց հետո նա խոստացավ հարցնել վարչապետին, թե ինչու՞ են նման որոշում կայացրել:

«Մենք մեր երկրում օրենքներ ընդունելուց  առաջ մտածում ենք, որ հանկարծ բիզնեսին չվնասենք, չխանգարենք, ես վարչապետին կհարցնեմ, թե ինչու՞ են նման որոշում կայացրել»,- ասաց Լիտվայի ներկայացուցիչ ներկայացած անձը:

Տիգրան Հովհաննիսյանը միայնակ գնաց Նաիրի Սարգսյանի հետ խոսելու: Վերադարձավ լավ լուրով, բայց ոչ ամբողջովին:

«Ասաց՝ կարող եք կուտակված մեքենաները վաճառել մինչև հուլիսի 1-ը հին ձևով: Ինչ վերաբերում է մաքսային ձևակերպումներին՝ ասաց, որ դա վարչապետի խնդիրն է, նա ԵԱՏՄ անդամների հետ պետք է դա քննարկի, համոզի, որ երկու ամիս էլ հնարավորություն տան: Ես իրեն բացատրեցի, որ մենք չենք մեղավոր , որ ուշանում են մեքենաները, ուշ են բեռնաթափում Փոթիում, վրացիներինն անում են, մերը թողնում են: Ասաց մյուս շաբաթ եկեք քննարկենք: Առաջարկել եմ բանակցություններին ներգրավել նաև Ռուսաստանի դեսպանին, ես իր մոտ եղել եմ, ասեց՝ դա ձեր Կառավարության հարցն է»:

Օգտվելով առիթից՝ Տիգրան Հովհաննիսյանը Նաիրի Սարգսյանին նաև Գյումրիի անցակետից է հարցրել:

«Գյումրու հարցը օդի մեջ է, մինչև 11-ը հաստատ չի բացվելու, չեն հասցնելու: Էս կադրերը ոչ մի բան չգիտեն, ասում են՝ Գյումրին բացելու ենք, չեն կարողանում, չեն տիրապետում իրավիճակին: Ոչ մեկ չի եկել ավտոշուկա, մեր հետ խոսեն: Ասում են՝ չես բերելու Հայաստան, է տար վրացիքին ծախի: Ասում եմ՝ ախր ձմեռվա շեմին մենք այդ ճանապարհներով ո՞նց գնանք հասնենք Գյումրի, որ մեքենա «ռաստամոժկա» անենք, հիմա էլ Գյումրու ճանապարհներին զոհվե՞նք, հենց ՊԵԿ-ի մաքսային ղեկավարները ՃՈ-ի պետի մոտ մեզ ասում են՝ է հետո ինչ, էնքան մարդ ա մեռնում, վերջ որոշված է: Դե բացեք Գյումրու մաքսակետը, խի՞ չեք բացում»:

Ավտոներկրողները մեքենաները հետ տարան ավտոշուկա՝ հույսով, որ իրենց բոլոր հարցերի պատասխանները մյուս շաբաթ կստանան:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը հրատապ կարգով է հասել Կառավարություն: Նախարարական կոմիտեի քննարկման ժամանակ հասկացել են, որ խնդիր կա:

«Հասկացանք, որ հարցը բազմակողմանի քննարկված չէ: Հասկացանք, որ դա խնդիր է առաջացնելու, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծելու ավտոներկրողների համար, որովհետև չեն կարողանալու արտասահմանցիներին ավտոմեքենա վաճառել: Ներկայացրել ենք վարչապետին, նա էլ որոշում է կայացրել, որ մինչև հուլիսի 1-ը հետաձգենք խոչընդոտը: Որոշումը դեռ հրապարակված չէ, ուղղակի ես վարորդներին ասացի, որ իմանան՝ այդ մասով խնդիր չկա»:

Նաիրի Սարգսյանը վստահեցրեց, որ որոշումը կհրապարակվի կա՛մ այսօր՝ 2 ժամվա ընթացքում, կա՛մ վաղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել