Pastinfo.am-ը գրում է.

«Այն պատժիչ գործողությունները, որ այսօր կիրառվում են սովորական դատավորների նկատմամբ, կիրառվում են նաեւ ՍԴ դատավորների նկատմամբ, մի փոքր տարբերությամբ, որ իշխանությունը սկզբնական շրջանում փորձեց ՍԴ-ի՝ իրենց ոչ ցանկալի դատավորներից ձերբազատվել բացահայտ կաշառքի միջոցով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՍԴ շուրջ ընթացող զարգացումներին եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ նախօրեին արված այն հայտարարությանը որ բացի իր լիազորությունները դադարեցնելու մասին նախագծից, իր վրա եղել են նաեւ անուղղակի ճնշումներ։

Նկատի ունենալով ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու մեղանիզմների ներդրման հայտնի դրույթը, որը իշխանությունը փորձեց կիրառել՝ այդպիսով խրախուսելով ՍԴ գործող դատավորների հրաժարականը, քաղաքագետն արձանագրեց, որ Սահմանադրական դատարանը այդ խայծը կուլ չտվեց եւ հիմա իշխանությունը փորձում է այլ հակաօրինական մեթոդներով խնդիրը լուծել։

«Քանի որ Օրենսդիր մարմինը որեւէ լիազորություն չունի ազդելու ՍԴ որոշումների վրա, իշխանությունը փորձում է հերթական անտրամաբանական եւ անօրինական մեթոդներով ձերբազատվել իրենց կողմից չընդունված ՍԴ նախագահից։ Գործող իշխանությունը չի էլ թաքցում, որ իրենք ճնշումներ են գործադրում դատական իշխանության նկատմամբ, բացարձակ։ Եվ դատավոր ազարյանի, եւ դատավոր Գրիգորյանի հետ տեղի ունեցած գործընթացները բացահայտ ապացուցում են, որ գործող իշխանությունները ուղղակիորեն պատժիչ գործողություններ են կատարում այն դատավորների նկատմամբ, ովքեր իրենց ցանկությամբ չեն առաջնորդվում»,-ասաց Գագիկ Համբարյանը։

Դիտարկմանը, արդյո՞ք իրավապահները, հիմք ընդունելով Հրայր Թովմասյանի՝ նախօրեին արված հայտարարությունը, չպետք է ուսումնասիրություն սկսեն՝ փորձելով պարզել, թե ովքեր են ճնշում գործադրել ՍԴ նախագահի վրա, մանավանդ, հաշվի առնելով դատավոր Աննա Դանիբեկյանին հարց ուղղած երիտասարդների կալանավորման փաստը, քաղաքագետը արձագանքեց.«Շատ լավ հարց է, իհարկե, իրավապահները պետք է փորձեին ճշտել, բայց, թե նախկին Հայաստանում, ինչպես սիրում են ասել իշխանությունները, թե նոր Հայաստանում, իրավապահները շարժվում են ՝ ըստ իշխանությունների քմահաճույքի եւ կաբինետներից ստացած հրահանգների։ Այդ նույն իրավապահները, որոնք այսօր պետք է գործեր հարուցեին եւ Հրայր Թովմասյանից բացատրություն ստանային թե կոնկրետ ինչի մասին է խոսում նա, հենց իրենք են լծված պարոն Թովմասյանին այսպես ասած՝ «պատին ծեփելու» քաղաքականությամբ, երբ վերջին մեկ ամսվա ընթացքում նրա 2 սանիկների դեմ քրեական գործ է հարուցվել եւ մեկին էլ կալանավորել են»։

Քաղաքագետի խոսքով, ընտրովի արդարադատության գործիք հանդիսացող իրավապահ մարմիններից սպասել, որ իրենք հանցագործություն կբացահայտեն եւ բացատրություններ կպահանջեն Հրայր Թովմասյանից, անտրամաբանական է։

Հիշեցնենք, Հրայր Թովմասյանը, «Արմնյուզ» Հ/Ը –ն հետ հարցազրույցում հայտարարել է. ««Մտերմական» հորդորներ, զրույցներ, վստահեցնում եմ, որ եղել են, բայց թույլ տվեք այսօր չհրապարակայնացնել: Ճնշում միշտ էլ կա, բայց ես չեմ պատրաստվում փողոցային արդարադատություն իրականացնել»:

Նա նշել է, որ գործընթացի նպատակն է ունենալ այնպիսի ՍԴ, որը «քաղաքական որոշումները կփաթեթավորի իրավական շղարշով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել