«168 ժամ» օրաթերթը գրում է. 

«Կառավարությունը ներկայացրել է 2020 թ. պե­տական բյուջեի նախագիծը: Այն հաջորդ տար­վա թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթն է, որն արտացոլում է կառավարության տնտեսական ու ֆինանսական սպասումները:

Այդ փաստաթուղթը հասարակ քաղաքա­ցուն սովորաբար հետաքրքրում է այնքանով, թե կառավարությունը որքանով է պատրաստ­վում բարելավել իր սոցիալական վիճակը: Հատկապես իշխանափոխությունից հետո, որը խոստանում էր կտրուկ բարելավել մարդ­կանց կյանքի պայմանները:

Ի սկզբանե ասենք, որ այս անգամ ևս ստիպված ենք հիասթափեցնել՝ 2020 թ. բյու­ջեն հասարակությանը ոգևորվելու շատ առիթներ չի տալիս: Այն հեղափոխական փոփոխություններ չի նախատեսում ինչպես տն­տեսության մեջ, այնպես էլ հասարակության սոցիալական կյանքում:

Դատելով ներկայացված նախագծից՝ սո­ցիալական իրավիճակը Հայաստանում կշարունակի մնալ նույնքան լարված, որքան նախկինում: Իշխանափոխությանը հաջոր­դած երրորդ բյուջետային տարում կառավա­րությունը չի նախատեսում աշխատավարձե­րի բարձրացում:

Բազային աշխատավարձը հաջորդ տարի պետական կառավարման համակարգում կմ­նա նույնը: Այն կկազմի 66.1 հազար դրամ:

Դա աշխատավարձի այն շեմն է, որի նկատ­մամբ կիրառվում են համապատասխան գոր­ծակիցները: Թեև շրջանառվող օրենսդրական նախաձեռնության շրջանակներում հաջորդ տարի նախատեսվում է նվազագույն աշխա­տավարձի ավելացում, այնուհանդերձ կառա­վարությունը հակված չէ այդ փոփոխությունը կիրռառելու նաև բազային աշխատավարձերի վրա: Մի բան, ինչը նշանակում է, որ բյուջեի ներկայացված նախագծով հաջորդ տարի ևս պետական կառավարման համակարգում աշ­խատավարձերի համընդհանուր բարձրացում չի ակնկալվում:

Եվ դա այն դեպքում, երբ 2020 թ. դարձյալ վերադառնում ենք կենսաթոշակային վճար­ների նախկին հարաբերակցությանը: Դրա հետևանքով ծանրանալու է աշխատողների հարկային բեռը: Նրանք ստիպված են լինելու աշխատավարձից ավելի շատ մասհանումներ անել կենսաթոշակային ֆոնդերին: Արդարության համար ասենք, որ դրան զու­գահեռ կնվազի նաև եկամտային հարկի բե­ռը, բայց այն աշխատողների հիմնական մա­սի վրա չի տարածվի: Կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի այդ փոփոխությու­նից օգտվեն հատկապես բարձր եկամուտներ ունեցողները: Ոչինչ, որ հասարակության ցածր եկամուտներ ունեցող հատվածը հերթական անգամ հարվածի տակ կընկնի:

Ի տարբերություն աշխատավարձերի՝ կա­ռավարությունը ոչ մեծ քայլ է արել կենսաթոշ­ակների դեպքում: Այդ առումով, իհարկե, նո­րություն չենք ասելու, որովհետև դրա մասին վարչապետն արդեն բազմիցս հայտարարել է. իշխանափոխության երրորդ տարում կենսա­թոշակները կբարձրանան 10 տոկոսով կամ շուրջ 4000 դրամով:

Թե դա որքանո՞վ կբարելավի կենսաթոշա­կառուների կյանքի պայմանները, թող որոշեն իրենք: Մի բան փաստ է, որ դա այն գումարը չէ, ինչին մարդիկ սպասում էին իշխանափոխության արդյունքում: Երրորդ տարում ընդա­մենը 4000 դրամ ավելացումը որևէ խնդիր չի լուծում կենսաթոշակառուի համար:

Առավել ևս, եթե հաշվի առնենք նաև գնաճը: Խոսքը ոչ թե միջին գնաճի, այլ լայն սպառ­ման ապրանքների և հատկապես սննդամ­թերքի գնաճի մասին է, որն անհամեմատ ավելի բարձր է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել