Վերջին հարցազրույցս, քանի որ գրավոր էր, կարողացա ահագին գաղափարական թեմաների մեջ խորանալ ու հիմնավորել, թե ինչու եմ համարում համաշխարհային հեղափոխությունն անխուսափելի: Այնտեղ նշել էի, որ կանաչում է ոչ միայն մեր Սևանը, այլ ողջ մոլորակի Սևանները, և ոչ միայն մեր Իջևանի, այլ ողջ մոլորակի Իջևաններում է անտառը վերջանում: Այսինքն՝ կա հստակ տնտեսական, ասել է, թե՝ մաթեմատիկական նախադրյալ-խնդիր, որի լուծումը պահանջում է նոր հասարակարգ կամ, եթե կուզեք, նոր աշխարհակարգ։)))

Ու այդ նոր հասարակարգն արդեն սկսել է ձևավորվել: Արևմտյան ողջ քարոզչամեքենան դեմը չի կարողանում առնել, ընդ որում՝ հենց իրենց իսկ բնում չեն կարողանում դա անել: Վերջին վիճակագրական տվյալներով՝ ԱՄՆ-ում 230 տարվա մեջ առաջին անգամ գրանցվել է աճ տնային տնտեսությունների չափի մեջ: Եթե 1790 թվականին միջին ամերիկյան տնային տնտեսությունը բաղկացած էր 5.79 հոգուց, ապա 2010 թվականին այդ թիվը հասել էր 2.58-ի: Սակայն վերջին մարդահամարի տվյալներով այս տասնամյակը ԱՄՆ-ն այդ ցուցանիշը կփակի 2.63-ով: Պատճառը շատ պարզ է․ տնեցիքից առանձնանալն այլևս այդքան էլ հեշտ չէ ֆինանսապես: Ու նույնիսկ եթե առանձնանում էլ են, ապա ապրում են փոքր կոմունաներով, ասենք՝ երեքով են տուն վարձում:

ԱՄՆ ողջ տնտեսությունն էր հիմնված տնեցիքից առանձնանալու վրա: Դա բառացիորեն սուբսիդավորվում էր պետական մակարդակով: Տուն սարքելը և, ըստ այդմ, ունենալը շատ մատչելի էր, առավել ևս, եթե պատրաստ էիր տեղափոխվել, ասենք, կակոյ նիբուծ Արկանզաս: Հիշե՛ք, որ 100-դոլարանոց տպելն արժի ընդամենը 12 ցենտ: Ամեն մի 100 դոլարը տպելուց ու աշխարհի վրա խուրդելուց ստացված էդ 99 դոլար 78 ցենտ կազմող մաքուր եկամուտը գնում էր հենց այդպիսի պետական նշանակության ծրագրերի վրա: Բայց քանի որ էդ աղբյուրն ամեն դեպքում անվերջ չէ, իրավիճակը սկսվում է փոխվել: Նախ՝ ամերիկացիք չեն ուզում գնան, Արկանզաս ապրեն, այլ ուզում են ապրեն Լոսում կամ Նյու Յորքում ու կյանքը վատնեն կայֆեր-կայծերի վրա, իսկ ամերիկացիքի փոխարեն Արկանզաս են գնում, օրինակ, լատինոսներն ու այլ գաղթականներ, ինչն էլ իր հերթին պետական մասշտաբի խնդիրներ է հարուցում:

Իրավիճակ է փոխվել, հասկանո՞ւմ եք: Գաղթականներն այնքան շատ են, որ հին էլիտաները էլ չեն կարողանում վերահսկել իրավիճակն ու սպառնալիք են զգում: Էլ փող տպող մեքենան չի աշխատում, համենայն դեպս, ոչ նույն արդյունավետությամբ: Էլ պրոպոգանդան չի աշխատում․ ինչքան ուզում ես Հոլիվուդով ընտանիք քանդի, եթե մարդիկ ֆինանսապես ստիպված են իրար հետ ապրել, ապա դա է պայմանավորելու մշակութային պահանջարկը: Մարդիկ ուզենալու են իրար հետ ապրելու մասին կինոներ նայել: Ինդիվիդուալիզմն էլ չի ուտվելու, մարդն էլ չի կարող լինել բարձրագույն արժեք... Այսուհետ սոցիումն է լինելու բարձրագույն արժեք, սոցիումի շահը, ոչ թե մարդու: Թրամփը հո լուսնից չի՞ ընկել, իր նախագահությունը շատ օրինաչափ է: Ու եթե մարդկությունը չի ուզում խեղդվել աղբի մեջ, այն ստիպված է լինելու կիրառել պլանային տնտեսություն և սոցիալիստական մոտեցումներ: Ընդ որում՝ գերակա դիրքեր են ստանալու այն սոցիումները, որոնք առավել կուռ են՝ ընտանիքը, ցեղը, ազգը, այսինքն՝ այն օղակները, որոնք կապված են բնազդով, արյամբ: Սա նույնպես օրինաչափություն է, բայց արդեն մարդաբանական: Այսինքն՝ ապագան, ինչ ուզում ես, արա, ազգային սոցիալիստներինն է: Ու էս գնացքում մենք շատ շտապ պիտի զբաղեցնենք կոնդուկտորներից մեկի տեղը: Մի քանի տարի, եթե ձգենք, ու մի քիչ ինքնամաքրվենք ավետարանչական զբռոդից, մեր դեմն առնել չի լինի:

#Հեղափոխություն_լինելու_է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել