168.am-ը գրում է.

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Ազգային ժողովում պատգամավորներին պարզաբանեց, թե ինչու է իր ղեկավարած նախարարությունը դեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի «Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը» մասնավերացման ցանկից հանելու նախաձեռնությանը։

«Նախ, եթե ասվում է մասնավորեցում, դա նշանակում է կենտրոնի վերադարձ Առողջապահության նախարարության ուղիղ ենթակայություն, այսինքն՝ ես պետք է լինեմ այդ կենտրոնի տնօրեն նշանակողն ու հաստիքացուցակը հաստատողը, հետևաբար այդ պարագայում առնվազն տարօրինակ է, որ գոնե իմ կարծիքը  հաշվի չի առնվում»,- ասաց  Թորոսյանը:

Նախարարն անդարդարձավ նաև ԱԺ նախագահի կոշտ դիտարկմանը, որով Արարատ Միրզոյանն իր տեղակալին խորհուրդ էր տվել ԱԺ-ին աշխատելու ձևը ցույց չտալ։

«Մենք կոչ ենք անում նման նախագծերի պարագայում առնվազն ինֆորմացիայի տիրապետելու մակարդակով մեզ հետ համագործակցել, չնայած դրան ի պատասխան ստանում ենք հորդորներ, որ չսովորեցնենք ԱԺ-ին ինչպես աշխատել»,- ասաց  Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ ի տարբերություն «Այրվածքաբանության և Ուռուցքաբանության ինստիտուտների»՝ «Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը» ռազմավարական նշանակություն չունի, ինքը պնդում է, որ ճիշտ կլինի այդ կենտրոնը մասնավորեցնել, բայց եթե ԱԺ-ն հարկ համարի, որ այդ կենտրոնը կառավարի ինքը, ապա դա նա կանի  բարձր մակարդակով։

Արարատ Միրզոյանը շտապեց պատասխանել Արսեն Թորոսյանին և հիշեցրեց, որ նրա տեղակալին հորդոր հղողը եղել է ինքը։

«Ի գիտություն Ձեզ, պարո՛ն Թորոսյան, էդ որ ասում եք հորդորել են, էդ հորդորողը ես եմ եղել, և դա եղել է ԱԺ-ին դիմելիս ոչ անհրաժեշտ կոռեկտության սահմանների համար. Խնդրում եմ տեղեկացեք մանրամասներին»,- ասաց ԱԺ նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել