ԱՅԼԵՎՍ ՍՊԱՍԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է

Հոկտեմբերի 2: Մեկ տարի առաջ տապալվեց սահմանադրական կարգը, շրջափակվեց Ազգային ժողովը, և բռնազավթեցին մեր օրենսդիր իշխանությունը ևս:

Մարդիկ վրեժի ծարավով սահուն կերպով բռնազավթեցին և ստացան տոտալ իշխանություն: Վրեժ լուծելու գործընթացը թակեց ոչ միայն քաղաքական հակառակորդների դուռը, այլ նաև սովորական քաղաքացուն հասավ:
Այսօր՝ մեկ տարի անց, մեր հայրենիքում քաոսային վիճակ է տիրում: Մեկը ինքնասպանություն է գործում, երկու մոսկովյան հայերի, որոնք ոչ մի բանում մեղավոր չեն, Էջմիածնում իշխանության կողմից դաժանաբար ծեծվում են՝ համաձայն մամուլի տեղեկատվության: Երկու ջահել տղաներ դատավորին հարց տալու համար բանտարկված են, հանրապետության երկրորդ նախագահը քաղբանտարկյալի կարգավիճակում է, մարզպետները կառավարության անունից անօրինական գործողություններ են անում, և այս ցանկը կարելի է անվերջ շարունակել: Եվ այս ամենը կատարվում է 21-րդ դարում, ամբողջ աշխարհի աչքի առաջ:

Այսօր շատ քաղաքագետներ և իրավապաշտպաններ աղաղակում են այսօրվա անօրինականությունների մասին՝ Սահմանադրության խախտման, դավաճանության ու տեռորի, և վերջում ավելացնում՝ սա մի օր կվերջանա: Ակամայից ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչի՞ն ենք մենք սպասում: Իսկ պատասխանը մեկն է․ եթե մենք բոլորս անգործության մատնվենք վախի մթնոլորտի ներքո, ապա այս ամենը կվերջանա այն ժամանակ, երբ կվերջանա Հայաստանը: Վախի մթնոլորտ. ինչի՞ց ենք մենք վախենում՝ զոմբիացված մասսայի՞ց, որը չի էլ հասկանում՝ ինչ է անում, ինչ է խոսում, թե՞ իշխանությունից, որն ամբողջ ուժով խաբելով ու տեռորով փորձում է պահպանել իր դիրքերը: Ինչքան սպասենք, այդքան դժվար է լինելու ուղղել իրավիճակը: Մենք հայտնվելու ենք խորը փոսի մեջ, որից հնարավոր է նույնիսկ դուրս չգալ: Կամ էլ սպասում ենք, որ իշխանությունը հազարավոր մարդկանց ձերբակալի, և այլևս մարդ չմնա, բացի իրենց զոմբիներից, իրենց դեմ դուրս գալու համար: Պետք է գործել մեկ գաղափարի շուրջ, մեկ ֆրոնտով:

Ժամանակն է միավորվելու ու պայքարելու, չէ՞ որ մենք կորցնելու շատ բան ունենք՝ մեր քաղաքացիական իրավունքը, դեմոկրատական ինստիտուտը: Մենք վտանգում ենք կորցնել մեր պետականությունը, մեր հայրենիքը:
Այլևս սպասելն անհնար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել