Hraparak.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է՝ oրերս Ուկրաինայի արտգործնախարարությունը տարածել էր տեղեկատվություն, որով իր երկրի քաղաքացիներին զգուշացնում էր, որ Արցախ այցելելով՝ կարող են ենթարկվել վարչական ու քրեական պատասխանատվության, այն պատճառաբանությամբ, որ Կիեւն անվերապահորեն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մերոնք այս խնդրահարույց կոչը պայմանավորում են ամենապարզ՝ ադրբեջանցիների «խավիարային դիվանագիտությամբ»։

Բացի դրանից, կա՞ն այլ գործոններ, չէ՞ որ եղել են այլ նախագծեր եւս։ Մենք զրուցեցինք Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական, այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հետ։ Նա «Հրապարակին» հայտնեց, որ ԱԳՆ-ն զբաղվում է այդ հայտարարությամբ, իսկ ինքը կարծում է, որ քրեական ու վարչական պատասխանատվությունը վերաբերում է այն պետություններին, որոնք արդեն իսկ այդ կարգավորումներն ունեն։ «Ես ուկրաիներեն կարդում եմ եւ կարող եմ ասել, որ տեքստը նայում ես, ինքը մի քիչ լղոզված է։ Իհարկե, մեր ԱԳՆ-ն պետք է անի ամեն ինչ՝ հստակեցումների համար, որ տարընթերցումների համար ոչ մի բան չմնա»։

Նա նշեց, որ խոսքը, ըստ էության, արգելման մասին չէ, այլ որ չեն խրախուսվում այցերն Արցախ, եւ դրա համար իրենք կարող են ենթարկվել քրեական կամ ադմինիստրատիվ պատասխանատվության։ «Որ վերեւում նայում եք, դա ուկրաինական ներքին կարգավորումներով է, նման ուղղակի արգելք չկա, իրենք, այսպես ասենք՝ ռեկոմենդույուտ»,- մեկնաբանեց նա։

Արման Աբովյանն ասում է, որ այս նախագիծը նոր չէ, նախկինում եւս նման նախագծեր շրջանառվել են, ուղղակի այս անգամ, պատգամավորի խոսքով, մի քիչ ծավալուն է ստացվել։ «Կարող եմ հաստատել, որ ուկրաինացի ժողովուրդը բավականին ադեկվատ եւ շատ լավ է տրամադրված մեզ, եւ, իհարկե, ահռելի աշխատանք տեղում տանում է հայ համայնքը։ Եվ մի բան էլ կա․․․ ի վերջո, ընտրությունները նոր են այնտեղ վերջացել, եւ մի քիչ էդ խառնաշփոթ վիճակն էլ է նպաստել, որ ուկրաինական ԱԳՆ-ն նման հայտարարությունով հանդես գա»,- ասում է Աբովյանը։ Նա, չգիտես ինչու, վստահ է, որ Դոնբասի խնդիր ունեցող Ուկրաինան էլ այս ամենից հետեւություն կանի։

Հարցրինք նաեւ՝ կա՞ն Ուկրաինայում հայկական լոբբիստական խմբեր։ Աբովյանը դիվանագիտորեն ձեւակերպեց․ «Ուկրաինայում բնակվող հայերն Ուկրաինայի պատշաճ քաղաքացիներ են, որոնք դրա հետ մեկտեղ նվիրված են Հայաստանին։ Այլ մեկնաբանություններից թույլ տվեք զերծ մնալ, կարող եմ միայն ասել, որ ամենալավ եւ խոշորագույն կազմակերպություններից մեկը «Սոյուզ արմյան Ուկրաինի»-ն է, որը չի կարելի անվանել լոբբինգային կազմակերպություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել