Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծավալուն բանակցություններ է վարում Ավստրալիայում ՀՀ դեսպանություն բացելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հարցին:

«Այս հարցը մեր օրակարգում որոշ ժամանակ արդեն գտնվում է, և մենք բավական ծավալուն բանակցությունների մեջ ենք: Մեր նպատակն է Ավստրալիայում դեսպանություն ունենալը, և մենք շարժվում ենք ըստ գերակայությունների: Ավստրալիան մեր անմիջական գերակա ցանկի մեջ է, սակայն, որպեսզի ավելի հստակ արտահայտենք մեր նպատակների ժամանակացույցը, մեզ անհրաժեշտ է ավարտել որոշ բանակցություններ մեր գործընկերների հետ, որպեսզի մենք կարողանանք ողջամիտ ծրագիր ունենանք, բացելու համար դեսպանությունը: Մեր նպատակն է՝ որքան հնարավոր է արագ դա անել»,- ասաց նա։

Զոհրաբ Մնացականյանը դեսպանություն բացելու վերաբերյալ ժամկետներ չնշեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել