«Արմենպրես»-ը գրում է. 

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կողմ է գործընկերների՝ նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնելու առաջարկին: Նա, նկատի ունենալով նաև սոցիալական արդարության գաղափարը, կարևորում է աշխատավարձի այն շեմի առկայությունը, որից ցածր չպետք է ստանա ոչ ոք՝ անկախ նրանից, թե որքան է աշխատել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դարձնելու վերաբերյալ նախագծի քննարկմանն իր ելույթում:

«Ուզում եմ խոսել տաբուների, կանոնների և բացառությունների մասին, օրենքի մասին՝ երկու ասպեկտով: Գործընկերներից մեկն ասաց, թե ինչպես կարող են մարզային գրադարանում աշխատողն ու մաքրությանը հետևող աշխատակիցը ստանալ նույն աշխատավարձը, իհարկե, արդար չէ: Բայց մենք նույն խնդրի առաջ կանգնել էինք, երբ կենսաթոշակը և մի շարք նպաստներ բարձրացնում էինք՝ դարձնելով 25 հազար 500 դրամ: Այդ ժամանակ ևս նույնն էր ասվում, բայց գոյություն ունի ինչ-որ ողջամիտ շեմ, որից ներքև որևէ մեկը չպետք է ստանա՝ անկախ նրանից, թե որքան է աշխատել կամ չի աշխատել: Նույնն այս դեպքում է»,-ասաց Միրզոյանը:

Նա նշեց՝ իհարկե, մարզային գրադարանավարուհիների աշխատավարձները ևս պետք է բարձրացվեն, սակայն կա մի շեմ, որից ներքև չպետք է ստանա որևէ մեկը՝ լինի պահակ, հավաքարար, բանվոր, թե այլ մեկը: Միրզոյանի խոսքով՝ նախագիծը սոցիալական  կարևոր նշանակություն ունի, և իրենց նախընտրական խոստման մեջ կար այդ բաղադրիչը:

Անդրադառնալով տնտեսական բաղադրիչին՝ Միրզոյանը հիշեց վարքագծային տնտեսագիտությունը, որը, իր գնահատմամբ, ժամանակի ընթացքում ավելի գերակա է դառնում: «Ամեն ինչ չէ, որ իրականացվում է սահմանված դասագրքային կանոններով գրվածի համաձայն, շատ բաներ՝ պայմանավորված են սոցիումի վարքագծով, որքան էլ ոչ ռացիոնալ հնչի, օրինակ, լավատեսական տրամադրվելով: Այդպիսի բաներ մեր կյանքի վերջին մեկ ու կես տարվա պատմության ընթացքում գիտենք, թե ինչեր չէր կարելի անել, որովհետև տարբերակ չկար, որ ստացվեր»,- ասաց Միրզոյանն ու առաջարկեց ավելի համարձակ մոտենալ այդ հարցին:

Նա նկատեց՝ իր գործընկերներն իրականում շատ լավ առաջարկ են անում, առաջարկեց քվեարկել և բարձրացնել նվազագույն աշխատավարձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել