Ուկրաինական «112 Ուկրաինա», «NewsOne» և «ZIK» հեռուստաալիքների լրագրողները ակցիա են կազմակերպել գրաքննության դեմ՝ ի պատասխան ալիքները լիցենզիայից զրկելու վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների հարցերով ազգային խորհրդի վերջին որոշումների, հայտնում է «112 Ուկրաինան»:

Կես ժամով ալիքները դադարեցրել են ակտիվ հեռարձակումը:

Կադրերում եղել են սև կպչուն ժապավենով բերանները փակած լրագրողներ:

«Իշխանությունները ցանկանում են փակել բոլորի բերանները, ովքեր ասում են այն, ինչը նրանց դուր չի գալիս: Մենք պայքարում ենք և պայքարելու ենք մինչև հաղթանակ»,- ասել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Արտեմ Մարչևսկին:

Ավելի վաղ Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների հարցերով ազգային խորհուրդը «112 Ուկրաինա» հեռուստաալիքին զրկել էր թվային հեռարձակման լիցենզիաներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել