«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է.

«Երեկ ողջ երկիրը հետեւում էր Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին։

Շատ ուշադիր զննում էինք հյուրերի դեմքի արտահայտությունները, հետեւում էինք, թե ով ում հետ ինչպես ողջագուրվեց, քանի րոպե զրուցեց։ Փորձում էինք հասկանալ, թե ինչ հարաբերություններ ունեն ԵԱՏՄ երկրների ղեկավարները մեր վարչապետի եւ մեր երկրի նկատմամբ՝ առհասարակ։

Այս հետաքրքրությունը հաճախ ենթագիտակցության մակարդակում է, քանզի դժվար է ասել, թե մենք ինչ ակնկալիքներ ունենք նախկին խորհրդային այս երկրներից եւ նրանց ղեկավարներից։ Դժվար է ասել նաեւ, թե մեր երկրի արտաքին քաղաքական հարաբերությունների հետ կապված մեր անհանգստությունները որքանով են արդարացված, եւ բացի Ռուսաստանից ու Իրանից, մյուս երկրների հետ մեզ ինչն է կապում։ Սակայն փաստ է, որ 2 երկրների հետ բարիդրացիական հարաբերությունները մեզ օդուջրի նման անհրաժեշտ են։

Մեկը մեր պատուհանն է դեպի Ասիա, մյուսի հետ մենք բազում թելերով ենք կապված՝ սկսած մեծ հայկական համայնքից, վերջացրած Արցախի խնդրով ու մեր տարածքում տեղակայված ռազմաբազաներով։ Բայց դա չի նշանակում, որ այս կապվածությունն ու շահերը մեզ պետք է գցեն ծայրահեղությունների մեջ՝ մղելով կա՛մ քծնելու, կա՛մ ցածրամակարդակ դեմարշներ անելու Ռուսաստան պետության դեմ։ Արժանապատիվ կեցվածքն ու ինքնահաստատման պատանեկան փորձերը նույն բանը չեն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել