«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Ի՞նչ տվեց մեր երկրին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որ Երևան էր բերել անդամ բոլոր երկրների ղեկավարներին, և որին հրավիրյալներ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, նաև դիտորդ-պետություն Մոլդովայի նախագահը մասնակցեցին: Աշխարհի լիդերներից այս յոթնյակն, ըստ ամենայնի, դժգոհ չի գնա մեր երկրից: Հասցրեցին թերևս Երևանին էլ ծանոթանալ, «Թումո» կենտրոնում լինել, նույնիսկ միասին սելֆիներ անել: Նախագահներ եղան, որ նրանց ավտոշարասյունն էլ Սևանից հետդարձի ճանապարհին չխուսափեց լրագրողների տեսախցիկից… Որոշեցին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնել: Իսկ երևանյան նիստում, ինչպես սովորաբար լինում է ԵԱՏՄ այս հավաքներում, տնտեսական գործակցության բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցին:

ԵԱՏՄ երկրները Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքեցին, Սինգապուրի վարչապետը գոհ մնաց, երկու տարի այդ բանակցությունների մեջ էին: Այս Միության անդամ 5 պետությունները համաձայնության եկան միասնական ֆինանսական շուկայի հայեցակարգի շուրջ: և թերևս ամենաէականը մեզ համար. ռուսական գազի հնարավոր թանկացման մասին եղա՞ն քննարկումներ, հերքվեցի՞ն համառ լուրերը ռուսական գազի 30-տոկոսից ավելի թանկացման մասին: Հստակ հայտնի է մի բան. բանակցությունները շարունակվում են: Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանի- ՀՀ Նիկոլ Փաշինյան հանդիպմանն էլ նախագահ Ռոհանին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել