Armenpress.am-ը գրում է․

Եվրասիական տնտեսական միության համաժողովը կանցկացվի ամեն տարի. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը համոզված է, որ համաժողովը ժամանակի ընթացքում երկխոսության կարևոր ու հետաքրքիր հարթակ կդառնա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այս մասին ասաց «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովի ընթացքում ունեցած ելույթում:  Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ  Երևանում անցկացվող համաժողովի թեման հետաքրքիր է, հարցերը շատ են.

«Տրանսպորտի և լոգիստիկայի կապը Եվրասիական տնտեսական միության համար հատուկ նշանակություն ունի: Միության անդամ երկրների ղեկավարների կողմից մեր առջև դրված է ամբիցիոզ առաջադրանք՝ մինչև 2025 թվականը հանել բոլոր տրանսպորտային փոխադրումների համար առկա սահմանափակումները: Այս առաջադրանքը կատարելու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2017 թվականին երկու ճանապարհային քարտեզ է ընդունել: Աստիճանաբար ներդաշնակեցվում են օրենսդրությունները: 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքն ամրապնդել է տրանսպորտի և լոգիստիկայի համար կարևոր մեխանիզմներ, ինչպիսիք են էլեկտրոնային տրանզիտը, էլեկտրոնային հայտարարագրումը, ավտոմատ գրանցումը և ապրանքների բացթողումը: Մեր առջև կանգնած են նաև բարդ առաջադրանքներ՝ կապված տրանսպորտային ենթակառուցվածքների ինտելեկտուալ կառավարման համակարգի ներդրման հետ, ինչը լուրջ ներդրումներ է պահանջում: Հիմնական գլոբալ մարտահրավերը, որ ծառացած է մեր առջև, այն է, որ ժամանակակից թվային հարթակները և էկոհամակարգերը փոխում են աշխատանքի բաժանման միջազգային տրամաբանությունը: Դրանք սպանում են միջնորդներին, հրաժարվում են հին գործառույթներից, առաջարկում են որակյալ ծառայություններ, այդ թվում՝ պետական, որոնք արագացնում են շարժը և կրճատում են ապրանքների տեղափոխման ծախսերը»,- նշեց Սարգսյանը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել