Hraparak.am-ը գրում է.

Արարատի մարզի Նորաշեն համայնքի շուրջ կրքերը դեռևս չեն հանդարտվում։ «Հրապարակը» օրեր առաջ գրել էր, որ Արարատի մարզպետ Գարիկ սարգսյանը հերթական անբացատրելի որոշումն է կայացրել՝ Նորաշեն համայնքի՝ արձակուրդում գտնվող համայնքապետ Նորայր Գրիգորյանին ազատելով աշխատանքից։ Դրանից հետո Գրիգորյանն ու իր աջակիցները 2 օր է՝ բողոքի ակցիա են իրականացնում մարզպետարանի շենքի առջև՝ Գարիկ Սարգսյանից պահանջելով չեղարկել այդ որոշումը, նույնիսկ պահանջեցին նրա հրաժարականը, կան բերման ենթարկվածներ։ Գրիգորյանի փոխարեն համայնքապետի ԺՊ է նշանակվել ավագանու անդամ Արտակ Հարությունյանը, նա էլ իր հերթին «կոնտ ցույց» էր կազմակերպել։ Արարատի մարզպետը դեռևս հայտարարություն չի արել ու չի պարզաբանել իր որոշումը։ Արդեն նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանը մեզ ասաց, որ իրեն աշխատանքից ազատելու հիմքը ենթադրյալ անգործությունն է՝ 6 ամիս ավագանու նիստ չհրավիրելը, մինչդեռ ավագանու նիստերի արձանագրությունները տեղադրված են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում։ 

Թեմայի առնչությամբ «Հրապարակը» կապվեց Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքապետին աշխատանքից ազատելու մարզպետի որոշումը շատ հապճեպ որոշում է, և այնտեղ բավականին վիճարկելի դրվագներ կան․

«Նորաշենի հետ կապված խնդիրները բազմակի են, շատ վիճարկելի իրավիճակ է։ Համայնքապետին ազատելու որոշումը շատ հապշտապ կայացված որոշում է, և դրա իրավական հիմնավորվածությունը շատ թույլ է։ Համայնքի ղեկավարի լիազորությունները ավագանու կողմից են դադարեցվում, եթե նա 6 ամիս շարունակ ավագանու նիստ չի հրավիրել, բայց իր՝ ավագանու նիստ չհրավիրելը շատ կասկածելի է, որովհետև նույն մարզպետարանի կայքում կան այդ տվյալները, որ նիստեր հրավիրվել են։ Այլ բան է, որ ավագանու անդամները մասնակցում են կամ չեն մասնակցում, բայց փաստացի մարզպետարանի կողմից իրավական վերահսկողության շրջանակներում, ինչպես դա ֆիքսվել է, մարզպետարանի էջում կա։ Այդ կողմից մարզպետի որոշումը շատ խախուտ է։ Բացի այդ՝ ավագանու 4 անդամի կողմից այդ արձանագրությունը կազմելը իրավաչափության տեսանկյունից էլի խախուտ է, այսինքն ՝ այնտեղ ակնհայտ շատ անհասկանալի իրավիճակ կա»։

Երիցյանի խոսքով՝ նիստերը փաստացի հրավիրվել են, հետևաբար՝ Գրիգորյանին ազատելու իրավական հիմքեր չկան․

«Համայնքի ղեկավարը պետք է ավագանու նիստ հրավիրած չլինի, պետք է անգործություն դրսևորած լինի 6 ամիս, բայց տվյալ պարագայում ակնհայտ է, որ փաստացի իր կողմից նիստեր հրավիրվել են,թե հայտարարությունը կայքով է տրվել կամ այլ տեղով, դա արդեն միջոցներին է վերաբերում, դա տեխնիկական հարց է, բայց փաստացի ինքը հրավիրել է դրանք։ Այսինքն՝ որևէ հիմք չկա ավագանու կողմից նման արձանագրություն կազմելու, դա իրավաչափ չէ։ Երկրորրդը՝ ավագանին պետք է փաստացի նիստ գումարի, որպեսզի նման հարցեր քննարկվեն։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում, ի սկզբանե անվստահություն հայտնելու այդ պրոցեսը իրավաչափ չէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել