Hraparak.am-ը գրում է.

Սինգապուրի հետ ունիկալ պայմանագիրը, պատմական իրադարձությունը Իրանի համար եւ Արեւմուտքի ցավոտ արձագանքը կապված Սերբիայի եւ արեւելյան գործընկերների հետ առաջիկայում սպասվող պայմանագրերի հետ, արդեն քիչ նորություններով չի բացում Եվրասիական տնտեսական միության Երեւանյան գագաթնաժողովը։ Ուշադրությունը սեւեռված է ԵԱՏՄ վրա նաեւ այն բանի համար, որ լրանում է միության հինգ տարին։

Ահա այս կերպ է սկսել իր բավական ընդարձակ անդրադարձը ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մասին՝ ռուսական հեղինակավոր «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Այս տարվա գագաթնաժողովը բավական հետաքրքրական է, ըստ ռուսական հեղինակավոր լրատվամիջոցի, քանի որ մասնակցում է նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։ Երեւանում են նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը։ «Հատկապես սպասում էին Երեւանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նրա վերջին այցը Երեւան 2016-ին էր եղել՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ եւ դրանից հետո Հայաստանում տեղի է ունեցել այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը», որի արդյունքում երկրում փոխվել է իշխանությունը եւ բոլոր երկկողմ հանդիպումները տեղի էին ունենում կամ Մոսկվայում, կամ միջազգային հարթակներում։

Ուստիեւ ներկայիս այցին սպասում էր եւ քաղաքական վերնախավը եւ հասարակ մարդիկ, որոնց համար Ռուսաստանի հետ գործակցությունը կարեւոր էր»։ Ռուսական պարբերականը շեշտում է, որ չնայած այս այցը հատկապես ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցությունն է, սակայն նախատեսվում են նաեւ հանդիպումներ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուշագրավ է այն, որ ըստ The Washington Post պարբեականի տվյալների, Երեւան պետք է մեկներ նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, սակայն նա վերջին պահին չեղյալ է հայտարարել այցը, քանի որ իբրեւ թե չի ուզել նույն հարթակում լինել Պուտինի հետ՝ հետագայում ամերիկյան ներքաղաքական կյանքում բարդություններ չհարուցելու համար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն հայտարարել էր, որ ռուսական կողմին ոչինչ հայտնի չի եղել Ջուլիանիի այցի կամ դրա չեղարկման մասին։ Ամեն դեպքում, Կրեմլում հայտարարել են, որ դա Ռուսաստանի նախագահի՝ նիստի մասնակցության վրա որեւէ ազդեցություն չի ունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել