168.am-ը գրում է․

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրվել է «1991 ստորաբաժանում» ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

«168 Ժամի» հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կիբեռանվտանգային ստորաբաժանման ստեղծումը կարևոր քայլ համարեց` ուշադրություն հրավիրելով պատերազմների փոխակերպման փաստի վրա:

«Այսօր մեր բանակը տարիներ շարունակ տարբեր ուղղություններով զարգացնում է իր կիբեռանվտանգության ստորաբաժանումները: Եվ սա կարևոր քայլ է, և այս ամեն ինչը պետք է շատ արագ զարգանա, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այսօրվա պատերազմները շատ արագ են տրանսֆորմացվում: Մենք  մտնում ենք մի նոր փուլ, երբ պատերազմի հարցը կարող է լուծվել ոչ թե մարտի դաշտում, այլ խորը տիրույթում` կիբեռտիրույթում, կամ անօդաչու սարքերի միջոցով, որոնց դեմ պայքարը նույնպես ենթադրում է հենց այս տիրույթի զարգացում: Մենք պետք է շատ արագ պատրաստվենք նոր իրականությանը, երբ հարձակումները կարող են իրականացվել ենթակառուցվածքների վրա` հեռահար, անսպասելի: Ավելին, պետք է նաև ինքներս կարողանանք խորը թիկունքում հարձակումներ իրականացնել և հակառակորդին հասցնել այնպիսի վնաս, որը կստիպի նրան իր ողջ ռեսուրսը ուղղել այլ ուղղությամբ, ոչ թե այն ուղղությամբ, որն ինքը պլանավորում էր մարտական գործողությունները սկսելուց»,- նշեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ նրա` պետք է  հասկանալ, որ բանակը որքան էլ կիբեռպատերազմներ իրականացնի, չի կարող ամբողջ տարածքը պահել, քանի որ այսօրվա դրությամբ ամեն ինչ շատ տարօրինակ է` ինչ-որ հատվածներ կան, որտեղ կարող է իրականացվել պատերազմ, բայց բանակը չի կարող դրանք պաշտպանել, քանի որ դրանք կիբեռտիրույթում քաղաքացիական օբյեկտներ են:

«Այս տեսանկունից ողջունելի է, որ ռազմական և քաղաքացիական ոլորտները միմյանց հետ համագործակցում են: Այլ կերպ հնարավոր չէ, քանի որ բանակը կամ քաղաքացիականները ամբողջ կիբեռտիրույթը չեն կարող ինքնուրույն պաշտպանել»,- եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը:

Հավելենք, որ «1991 ստորաբաժանում» ծրագրով նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել՝ ինչպես ամենօրյա, այնպես էլ՝ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

«1991 ստորաբաժանման» զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան անցնել աշխատանքի ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել ստացած գիտելիքները և զարգացնել դրանք, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել