Շվեյցարիայի իշխանությունները մտադիր են աճուրդի հանել Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոյի որդուց՝ Թեոդորին Օբիանգ Նգեմայից առգրավված 25 լյուքս դասի ավտոմեքենաներից կազմված հավաքածուն, հաղորդում է ABC News-ը:

Բրիտանական Bonhams աճուրդային տան գնահատմամբ, որն անցկացնելու է վաճառքը, մեքենաների վաճառքից ստացված հասույթը կկազմի 18.5 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտավորապես նույնքան ԱՄՆ դոլարով): Գումարը կուղղվի բարեգործությանը Հասարակածային Գվինեայում:

Լոտերի շարքում է Lamborghini Veneno սուպերքարը, որն, ինչպես ակնկալվում է, կբերի առնվազն 5.2 միլիոն ֆրանկ, ինչպես նաև LaFerrari հիպերքարը, որի վաճառքից աճուրդի տունն ակնկալում է ստանալ առնվազն 2.6 միլիոն ֆրանկ:

Այս տարվա փետրվարին Ժնևի դատախազությունը հայտարարեց Թեոդորին Օբիանգի դեմ Հասարակածային Գվինեայի կառավարության կողմից յուրացված միջոցների լվացման վերաբերյալ գործը կարճելու մասին: Նրան պատկանող մեքենաները, ինչպես նաև զբոսանավը, Շվեյցարիայի իշխանությունները բռնագրավել են դեռևս 2016 թ.-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել