Armenpress.am-ը գրում է․

Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել ԵԱՏՄ անդամ երկրների միջև գազի մատակարարման և փոխադրման ոլորտում օրենսդրությունների ներդաշնակեցման մասին որոշում:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Вестник Экономики ЕАЭС» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգը բավականին հագեցած է: Օրակարգում ներառված են ինտեգրացիայի, էներգետիկայի, միջազգային գործունեության, բյուջեի, հետ կապված հարցեր, ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման կոնցեպցիան և այլն:

Հանդիպման ընթացքում պլանավորված է նեղ կազմով կարևորագույն հարցերի քննարկում` կապված Միության անդամ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման նորմատիվների հետ: Քննարկվելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետագա գործունության հետ կապված հարցեր, ինչպես նաև կոլեգիայի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ մտցնելու հարցը:

Պլանավորվում է ընդունել ԵԱՏՄ անդամ երկրների միջև գազի մատակարման և փոխադրման ոլորտում անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման մասին՝ հաշվի առնելով երկրների շահերը կայունության ձևավորման սկզբունքների, թափանցիկության և փոխադարձ տեղեկացվածության հիմքի վրա տնտեսական և էներգետիկ անվտանգության առումով»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը միշտ էլ նշանակալի իրադարձություն է Միության անդամ բոլոր երկրների համար. այն հնարավորություն է տալիս ամփոփել  կարևոր ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքները և վերլուծել նոր ռազմավարական մարտահրավերները:

Նրա խոսքով՝ Երևանում կայանալիք գագաթնաժողովին ԵԱՏՄ-ն մոտենում է՝ ունենալով որոշակի փորձ, որը հավաքվել է համաշխարհային տնտեսության համար բարդ իրավիճակում Միության ձևավորման 5 տարիների ընթացքում: «Այս ընթացքում ահռելի աշխատանք է արվել, ստեղծվել է լայն պայմանագրային բազա, ընդունվել են կարևորագույն որոշումներ եվրասիական ինտեգրացիայի տարբեր ուղղություններով: Հայաստանը՝ որպես համանախագահող երկիր, հատուկ կարևորություն է տալիս դրված առաջադրանքների հետևողական իրականացմանը և նախանշված ճանապարհով շարժվելուն, ինչը Միության անդամ երկրներին հնարավորություն կտա բարձրացնել մրցունակությունը, մեր երկրների տնտեսությունների զարգացման համար հզոր իմպուլս կծառայի: Մենք տրամադրված ենք Հայաստանի առավելագույն արդյունավետ մասնակցության ԵԱՏՄ-ում և մեր կողմից կգործադրենք բոլոր ջանքերը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային փոխգործակցության մեխանիզմների կատարելագործման համար», ասել է Փաշինյանը:  

Վարչապետի խոսքով՝ Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը ևս մեկ քայլ է Միության շրջանակներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, ինչը թույլ կտա կոնսոլիդացնել ռեսուրսները, ստեղծել բարենպաստ պայմաններ համատեղ տնտեսական զարգացման համար: «Մենք պատրաստ ենք գագաթնաժողովի անցկացմանը և վստահ ենք, որ այն, ինչպես միշտ, կանցնի արդյունավետ՝ փոխհասկացվածության, փոխվստահության և կառուցողական երկխոսության մթնոլորտում»,- նշել է նա:  

Գագաթնաժողովի ընթացքում պլանավորվում է քննարկել նաև Հայաստանի նախաձեռնած հարցը՝ ԵԱՏՄ մարմիններում համանախագահող երկրում ամեն տարի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին նվիրված Եվրասիական տնտեսական ֆորում անցկացնելու մասին: Միության անդամ երկրների ղեկավարները պաշտպանել են Հայաստանի նախաձեռնությունը:

«Եվ ահա առաջին անգամ Երևանում հոկտեմբերի 1-2-ը անցկացվելու է Եվրասիական տնտեսական ֆորումը՝ արտերկրի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, գործարար շրջանակների, գիտական և հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների մասնակցությամբ: Ֆորումի մասնակիցները կքննարկեն եվրասիական ինտեգրացիայի զարգացման հիմնական հարցերը, Եվրասիական մայրցամաքի համատեղ նախագծերի իրականացումը Եվրասիական մայրցամաքի տրանզիտային ամբողջական ներուժի բացահայտման համատեքստում: Այսպիսի ֆորումները կնպաստեն ակտիվ առևտրական, տնտեսական և ինստիտուցիոնալ երկխոսության հաստատմանը ինչպես ԵԱՏՄ-ի ներսում, այնպես էլ արտաքին գործընկերների և միությունների հետ, ինչը Եվրասիական մայրցամաքի տրանզիտային ներուժի զարգացման կարևոր գործոններից մեկն է»,- նշել է ՀՀ վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել