Ավարտվեց վարչապետ Փաշինյանի՝ հնգօրյա այցը ԱՄՆ, որի համար պետբյուջեից ծախսվել է առնվազն 165 մլն դրամ (որոշ հաշվարկներով՝ ավելի քան 330 մլն), և զարմանալի չէ, որ հանրությունը ցանկանում է իմանալ, թե այցն ինչ դրական արդյունքներ ունեցավ մեր պետության համար, բացի Թրամփի ու յուր կնոջ մոմե արձանների հետ նկարվելը։ Այս հարցին պատասխանելու համար պետք է դիտարկենք այցի բուն նպատակներն ու ընթացքը։

Ի սկզբանե պարզ էր, որ վարչապետը պետք է մեկնի ԱՄՆ, քանի որ նախատեսվում էր վերջինիս մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, որտեղ պետք է ելույթով հանդես գար, ուստի Փաշինյանը որոշեց այս առիթն օգտագործել, մի քանի օր շուտ մեկնել ԱՄՆ և հանդիպել սփյուռքահայերի հետ։

Սակայն ուշագրավ է, որ հարցականի տակ էր վարչապետի և ամերիկյան պաշտոնական շրջանակների միջև հանդիպումների հարցը, իսկ այդ դեպքում կառավարության ղեկավարի այցը քննադատություններին չէր կարող դիմանալ, դրա համար էլ նախատեսվեց, որ պետք է հավաք անցկացնել Լոս Անջելեսի Գրանդ պարկում, քանի որ վարչապետը միտինգներ անցկացնելու մասնագետ է, և նման միջոցառումների ժամանակ վերջինիս հաջողվում է ոգևորություն առաջացնել մարդկանց շրջանում։

Ակնկալվում էր, որ հավաքին կմասնակցի մոտ 30-35 հազար մարդ։ Այնուամենայնիվ, հավաքի անցկացումը ցույց տվեց, որ այն ակնկալվածից ավելի սակավամարդ էր։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների տվյալների, հավաքին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ, կան նաև այլ տվյալներ, որ մասնակիցների թիվը հազիվ կազմել է 6-7 հազար։ Լոս Անջելեսում ապրող մեծաթիվ հայկական համայնքից նման քիչ թվով հայերի մասնակցությունը բոլորովին էլ հաջողություն չի կարելի համարել։

Ուշագրավ է, որ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակի բարձրացման հարցն այդպես էլ չշոշափվեց, ու մեծապես զարմանալի է, որ Փաշինյանի՝ Լոս Անջելեսյան ուսուլիսի ժամանակ ոչ ոք հարց չուղղեց վարչապետին այդ մասին, իսկ հարցուպատասխանն ընթացավ բացառապես Հայաստանի ներքաղաքական օրակարգի շուրջ։ 

Այցի շրջանակներում ունեցած մյուս հանդիպումների ընթացքում վարչապետի ելույթների գլխավոր շեշտադրումները ևս վերաբերում էին թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի արձանագրած «ձեռքբերումներին», կոռուպցիայի դեմ պայքարին և այլն, մի խոսքով՝ բանավոր, անձեռակերտ «թանգարան»՝ նվիրված իշխանափոխությանը (կամ՝ հեղափոխությանը, ոնց կուզեք)։

Այցի օրակարգը լցնելու և սփյուռքահայերին շահագրգռելու համար Փաշինյանը փորձեց անգամ այնպիսի հայտարարություններ անել, որոնք հիմքեր կստեղծեն սփյուռքում իր վարկանիշի բարձրացման համար։ Օրինակ՝ վարչապետը նշեց, թե խնդիր է տեսնում օրենսդրական այն կարգավորման մեջ, որ կառավարության անդամները պետք է պաշտոնի նշանակվելուց առաջ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի եղած լինեն և Հայաստանում ապրած լինեն։

Ըստ նրա՝ սա արհեստական խոչընդոտներ է ստեղծում սփյուռքահայերի ներուժը ներգրավելու տեսանկյունից։

Վարչապետի այցի՝ արտաքին հարաբերություններին վերաբերող բաղադրիչը այդպես էլ չհաջողվեց ապահովել, իսկ, օրինակ՝ Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի միջև համագործակցության պայմանագրի կնքումը, որը փորձ է կատարվում ներկայացնել իբր մեծ ձեռքբերում, գրեթե ոչինչ չի տալու հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնելու տեսանկյունից, քանի որ բազմաթիվ այդպիսի պայմանագրեր ունենք:

Հաշվի չէր առնվել նաև ամերիկյան քաղաքականության որոշ նրբություններ, օրինակ՝ Գրանդ պարկում հավաքին մասնակցելու համար հրավիրված է եղել 53 կոնգրեսական և սենատոր, սակայն միջոցառմանը մասնակցել է միայն մեկ կոնգրեսական՝ Ադամ Շիֆը, ով լինելով դեմոկրատական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ, նախագահ Թրամփի քաղաքական հակառակորդներից է։

Չնայած ամեն դեպքում ավելի նախընտրելի է, որ գոնե մի կոնգրեսական մասնակցեց հավաքին, քան ընդհանրապես չմասնակցությունը։

Փաստորեն, վարչապետի՝ օրեր տևած ամերիկյան այցը չունեցավ այն ռեզոնանսը, որ ակնկալվում էր, քանի որ հայ-ամերիկյան օրակարգը մղվեց երկրորդ պլան, իսկ կայացած հանդիպումներն ավելի շատ սփյուռքահայերի տրամադրությունները շոշափելու և սփյուռքում վարչապետի վարկանիշը բարձրացնելու նպատակ էին հետապնդում։ Մի քիչ էլ՝ ներհայաստանյան իմիջը պահելու խնդիր:


Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել