Վիտամինների անբավարար մակարդակն առաջին հերթին անդրադառնում է մաշկի վրա և կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Անառողջ, չհավասարակշռված սննդակարգը կարող է հանգեցնել վիտամինների մակարդակի նվազման, ինչի մասին կարող են վկայել այս նշանները:

Մաշկի չորություն և A վիտամինի անբավարար քանակ: Վիտամին A-ի բավարար մակարդակը նպաստում է մաշկի վերականգնմանը, հակառակ դեպում մաշկը չորանում է, սկսում թեփոտվել, շուրթերը չորանում են:

Վիտամին A-ով հարուստ են կաթը, պանիրը, ձուն, միսը, սննդակարգ ներառեք մեծ քանակով մրգեր, բանջարեղեն:

Մաշկային ցան և վիտամին B2-ի անբավարար մակարդակ: Այս վիտամինը մասնակցում է նյութափոխանակության գրեթե բոլոր գործընթացներին: Այն պաշտպանում է մաշկի, լորձաթաղանթների առողջությունը, նպաստում վերքերի ապաքինմանը, աչքերը պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Երբ օրգանիզմին չի բավարարում այս վիտամինի մակարդակը, շուրթերի ծայրերին ճաքեր են նկատվում, կոպերն այտուցվում են, բորբոքվում, նկատվում է մազաթափություն: Սննդակարգ ներառեք կաթնամթերք, բանջարեղեն, ամբողջահատիկ ձավարեղեն, ձվի դեղնուց, սունկ:

Էկզեմա և վիտամին B3-ի անբավարար մակարդակ: B խմբի այս վիտամինը պատասխանատու է մաշկի, նյարդային և նյութափոխանակության համակարգերի առողջության համար: Դրա անբավարար մակարդակը կարող է հանգեցնել դերմատիտների, դիարեայի, ցանի, որը նաև քորի պատճառ է դառնում, մաշկի կարմրածության, լեզվի այտուցվածության: Հարկավոր է սննդակարգ ներառել բուսական ծագման մթերք, առաջին հերթին՝ բջջանյութով հարուստ մթերք:

Խոցեր և վիտամին B6-ի անբավարար մակարդակ: Այս վիտամինը մասնակցում է գրեթե բոլոր ռեակցիաներին, որոնք ապահովում են օրգանիզմի կենսագործունեությանը: Երբ օրգանիզմին B6 վիտամինի մակարդակը չի բավականացնում, նկատվում են մաշկի կարմրածություն և թեփոտում, ցան, խոցեր բերանի ծայրերին: Հնարավոր է նաև լեզվի այտուցվածություն: B խմբի այս վիտամինով հարուստ են ձուկը, թռչնամիսը, բանջարեղենը:

Թեփուկներ մաշկին և վիտամին B7-ի պակաս: Այս վիտամինն անփոխարինելի է մաշկի և մազերի առողջության համար, կարևոր դերակատարում ունի նյութափոխանակության, ճարպերի և ամինաթթուների յուրացման գործում: B խմբի այս վիտամինի անբավարար մակարդակի պատճառ կարող են դառնալ յուղոտ մթերքի, ալկոհոլի չարաշահումը, դրա յուրացմանը կարող են խոչընդոտել նաև հակաբիոտիկները: Վիտամին B7-ի անբավարար մակարդակի դեպքում կարող են նկատվել մաշկի գունատություն, թեփուկներ, չորություն, մազաթափություն, սրտխառնոց, ախորժակի կորուստ, թուլություն, մկանային ցավեր:

Մաշկի դեղնածություն, վիտիլիգո և B12 վիտամինի անբավարար մակարդակ: Այս վիտամինի անբավարար մակարդակի նշաններից են հոգնածությունը, տեսողության վատացումը, ախորժակի կորուստը, շնչահեղձությունը: Կարող են նկատվել նաև մաշկի դեղնածություն, վիտիլիգո: Վիտամին B12-ով հարուստ են միսը, պանիրը, կաթը, ձուն:

Լնդախտ և վիտամին C-ի անբավարար մակարդակ: Վիտամին C-ն կարևոր է մաշկի առողջության համար, քանի որ հակաօքսիդանտ ազդեցություն ունի: Այն որոշիչ նշանակություն ունի կոլագենի, սպիտակուցի սինթեզի համար, որոնք պատասխանատու են մաշկի առաձգականության համար:

Վիտամին C-ի անբավարար մակարդակի դեպքում մաշկը չորանում է, թեփոտվում: Կարող են նկատվել նաև կարմիր կետեր մաշկին, ցավ մկաններում և հոդերում, լնդերի այտուցվածություն և արյունահոսություն: Վիտամին C-ի պաշարները կարող եք լրացնել մրգեր և բանջարեղեն օգտագործելու միջոցով:

Պսորիազ և վիտամին D-ի անբավարար մակարդակ: Վիտամին D-ի անբավարար մակարդակն ազդում է ոսկրային հյուսվածքների վրա և կարող է լուրջ հետևանքներ ունենալ, սակայն, մասնագետների պնդմամբ, այն կարող է նաև մեծացնել պսորիազի զարգացման հավանականությունը: Վիտամին D պարունակում են ձվի դեղնուցը, լյարդը, ծովամթերքը, կաթնամթերքը: Օրգանիզմը վիտամին D է սինթեզում արևի ճառագայթների ազդեցության տակ:

Մաշկի վաղաժամ ծերացում և E վիտամինի անբավարար մակարդակ: Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ: Վիտամին E-ով հարուստ են արևածաղկի յուղը, նուշը, պնդուկը, գետնանուշը, բրոկոլին, սպանախը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել