Եթե ցանկացած անգործություն հեռացնում է ձեզ նպատակից, այլ ոչ թե մոտեցնում, ապա պետք է սովորեք արդյունավետ ծուլանալ։

Նրանք առաջադրանքը կատարելու համար փնտրում են ամենապարզ և արդյունավետ միջոցը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ասում է. «Աշխատանքի համար ես միշտ ծույլ մարդկանց եմ ընտրում, քանի որ նրանք առաջադրանքը կատարելու համար գտնում են ամենակարճ ճանապարհը»։ Այսպիսի աշխատակիցը կփնտրի նախագիծն ավարտելու ամենարագ միջոցը և կձգտի հասնել ամենալավ արդյունքին, որպեսզի հետագայում նորից չվերադառնա նույն աշխատանքին։

Նրանք հմուտ օպտիմիզացնողներ են

Ծույլ մարդը իմաստ չի տեսնում միանման աշխատանքի մեջ, այդ իսկ պատճառով նա միշտ ձգտում է ավտոմատաիզացնել գործընթացը։ Շնորհիվ ծույլ հայտնագործողների՝ ավելը փոխարինվեց փոշեկուլով, իսկ փոշեկուլն էլ՝ ռոբոտ-փոշեկուլով։

Նրանք արհեստավարժորեն են օգտագործում տեխնոլոգիաները

Պարտադիր չէ հնարել որևէ նոր բան՝ աշխատանքն օպտիմիզացնելու համար, բավական է նաև օգտագործել պատրաստի տեխնոլոգիաները։ Ծույլ մարդիկ անընդհատ փնտրում են նոր հայտնագործություններ, որոնք կազատեն իրենց ձանձրալի աշխատանքից։ Նրանք տեղյակ են բոլոր տեխնիկական նորարարություններից։

Նրանք ճիշտ են նախանշում առաջնահերթությունները

Մինչ պարզելը, թե ինչպես անել ինչ-որ բան, ծույլ մարդիկ իրենք իրենց հարցնում են, թե ինչու անել դա։ Ճիշտ շարադրված հարցադրումը թույլ է տալիս ժամանակ և ուժ չծախսել երկրորդական կարևորության առաջադրանքների վրա, որոնք քիչ ազդեցություն կունենան վերջնարդյունքի վրա։

20-րդ դարի սկզբին իտալացի տնտեսագետ Վիլֆրեդո Պարետոն ձևակերպեց մի օրենք, համաձայն որի՝ չարչարանքի 20%-ը ապահովում է 80% հաջողություն։ Համապատասխանաբար, մնացած 80% չարչարանքը ապահովում են ընդամենը 20% հաջողություն։ Այս օրենքի համաձայն՝ ավելի ձեռնտու է քիչ աշխատել, սակայն օգտագործել ճիշտ լծակներ։

Նրանք կարողանում են հանգստանալ

Եթե սովորական մարդու աշխատանքը նման է մարաթոնյան վազքի, ապա ծույլ մարդու աշխատանքը նման է սպրինտի, որն ուղեկցվում է հանգստով։ Սկզբում նա առաջադրանքին առավելագույն ժամանակ և ուժ է հատկացնում, իսկ հետո՝ հանգստանում։ Արդյունքում նույն ժամանակահատվածում ծույլ մարդը միևնույն քանակի աշխատանք է կատարում, սակայն ընթացքում անընդհատ հանգստանալու շնորհիվ նա իրեն ավելի հանգիստ է զգում և գործնականում չի ենթարկվում սթրեսի։

Նրանք ավելի լավ են տեսնում ռիսկերը

Առաջադրանքներն արդյունավետ կատարելու և այն նորից չվերսկսելու համար հարկավոր է կանխատեսել բոլոր ռիսկերը, այդ իսկ պատճառով ծույլ մարդիկ նախօրոք տեսնում են բոլոր ռիսկերը և անում են ամեն ինչ՝ դրանք վերացնելու համար։

Նրանք լավ առաջնորդներ են

Ծույլ մարդը ոչ միայն ինքն է արագ և որակով կատարում իր առաջադրանքը, այլ նաև գրագետ բաժանում է դրանք միևնույն նախագծի վրա աշխատողների միջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել