Pastinfo.am-ը գրում է.

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր բոլոր հարցազրույցներում ցույց է տալիս, որ գոնե իր ճակատագրի հետ կապված հարցերում վերջին խոսքի իրավունքն իրենն է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ 

«Վարչապետը ինչ-որ բան է ասում, նա անմիջապես համարժեք պատասխանում է։ Դա վարչապետին դուր չի գալիս, որովհետեւ Փաշինյանն իրեն նույնացնում է ժողովրդի հետ եւ իր կարծիքով, բոլորը, ովքեր իր հետ համաձայն չեն, դեմ են ժողովրդին, որովհետեւ բուրգի գագաթին ինքն գտնվում։ Ըստ վարչապետի՝ ինքը պետք է բարձր լինի, մինչդեռ Վանեցյանը ցույց է տալիս՝ որ հավասարը հավասարի հետ է խոսում»,-նշում է քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանի խոսքով, վարչապետն իրեն պատկերացնում է տիեզերքի կենտրոն.«Նրա մոտ այդ հոգեբանական վիճակն արդեն ակնհայտ է։ Ի դեպ, դա մի բան է, որը 3-րդ նախագահի մոտ այդքան ակնհայտ չէր, թեեւ նկատելի էր, բայց նա արտաքուստ փորձում էր չեզոքություն պահպանել, մինչդեռ Փաշինյանը անընդհատ փորձում է ցույց տալ, որ Վանեցյանը ցածր է »։

Ըստ քաղտեխնոլոգի, հավասարների միջեւ պայքարում հասարակությունը եւ քաղաքական ու ֆինանսական շրջանակները կարող են թեքվել դեպի Վանեցյանը, ինչը Փաշինյանը շատ լավ է հասկանում։ «Փաշինյանին չի հաջողվելու պահպանել բուրգի գագաթում իր դիրքը, դրա համար նաեւ մարդկային հատկանիշներ են պետք, որը վարչապետը չունի»,-կարծում է քաղտեխնոլոգը։

Արմեն Բադալյանը կրկնում է բազմիցս արտահայտած միտքը, որ անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դարձավ, նախկին քրեաօրլիգարխիկ համակարգը փոխարինեց անձնիշխանական համակարգով ։ «Նա կառավարման բուրգից հեռացրեց քրեաօլիգարխիայի շահերը սպասարկողներին եւ հիմա բուրգն սպասարկում է իր անձնական շահերը։ Այն բոլոր բացասական երեւույթները, որ կային նախկինում, մեխանիկորեն տեղափոխվել են ներկա քաղաքական իրականություն»,-ասաց Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգը հիշում է՝ նախկինում էլ են եղել իրավիճակներ, երբ կառավարող բուրգի վերեւում կանգնած անձը, օրինակ` Գագիկ Ծառուկյանի պարագայում, անհարգալից արտահայտություններ էր թույլ տալիս, ինչը բոլորը կրկնում էին։ Հիմա էլ՝ նույն երեւույթն է. «Կառավարման այդ համակարգի էությունը պահպանվել է եւ այն իր կանոններն է թելադրում։ Մենք շուտով ականատես կլինենք նման արտահայտչաձեւի։ Խնդիրն այն է, որ բուրգի վերեւում գտնվող անձը այլակարծություն չի հանդուրժում բուրգի ներսում եւ բոլորը պարտադիր պետք է ենթարկվեն նրա գծին»։

Քաղտեխնոլոգի խոսքով, սկզբնական շրջանում թվում էր, թե պայմանական ասված «լավերը» «վատերին» հեռացրին, այդ երեւույթներն էլ կդադարեն, բայց կյանքը ցույց տվեց, որ համակարգի փիլիսոփայությունը պահպանվել է։

Անդրադառնալով անցնող 1.5 տարվա ընթացքում առհասարակ, իշխանությունից հեռացածներին, Արմեն Բադալյանն ասաց՝ կան դեպքեր, երբ որոշ պաշտոնյաներ հասկացել են, որ չեն համապատասխանում տվյալ կարգավիճակին, որոշների դեպքում՝ քրեական գործեր են հարուցվել, բայց երբ խոսք է գնում քաղաքական պատճառներով հեռացածներին, այս դեպքում հեռացումը տեղի է ունենում կամուրջներն այրելով։

Նույն երեւույթը, ըստ քաղտեխնոլոգի նաեւ նախկին համակարգում էր,օրինակ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ համակարգից հեռացման դեպքում.

«Համակարգը չի ընդունում նախաձեռնողականություն, անհատականություն, չի ընդունում երեւացողը։ Համակարգում գտնվողները պետք է աչքի չընկնեն։

Հիշենք, 3-րդ նախագահի հայտարարությունը, թե կուսակցությունը ոհմակ չէ, որ ով ինչ ուզի, անի ։ Հիմա , նույն այդ երեւույթն այստեղ է տեղափոխվել՝ կամ պետք է ենթակա լինել վարչապետին, կամ՝ հեռանալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել