Pastinfo.am-ը գրում է.

«ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը պատգամավոր է դարձել ոչ թե «Իմ քայլը»-ի ցուցակով, այլ փաստացի ռեյտինգայինով եւ իշխանական պատգամավորների շարքում ամենաշատ ձայն հավաքած անձնավորությունն է ։ Ամենայն հավանականությամբ, նրա հետ չի հաջողվի կրկնել այն նույն գործընթացը, որը եղավ պատգամավոր Էդգար Առաքելյանի հետ, որը ստիպված մանդատը վայր դրեց»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով իշխող խմբակցության ներքին խմորումներին։

Նշենք, որ տեւական ժամանակ է, ինչ խոսվում է ԵԿՄ նախագահ, պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ սրված հարաբերությունների մասին, որն իր հերթական դրսեւորումն ստացավ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանն ի պատասխան Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը մեկնաբանելիս։ Հիշեցնենք՝ Սասուն Միքայելյանն անդրադառնալով Վանեցյանի՝ ուսադիրները աղբանոցը նետելու վերաբերյալ վարչապետի աղմկահարույց հայտարարությանը, ասել էր .«Ոչ մեկ իրավունք չունի ասի, ես էլ եմ ուսադիր կրել, նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի»։ Միքայելյանը շեշտել էր, որ Վանեցյանն իր ընկերն է եւ իր ընկերն էլ կմնա։ Մամուլը գրեց, որ իշխանությունը անգամ քննարկվում է ԵԿՄ նախագահի պաշտոնում Միքայելյանին փոխարինելու եւ մանդատը վայր դնելու պահանջը։

Ըստ քաղտեխնոլոգի,առավել հավանական է, որ Սասուն Միքայելյանը մանդատը վայր չդնի։ «Սա ցույց է տալիս, որ «Իմ քայլը» խմբակցությունում ճաքեր կան։ Նրանց միավորող գործոնը Փաշինյանի բարձր վարկանիշն էր, որը, որքան անկում է ապրում, խմբակցությունը միավորող սոսինձն այնքան թուլանում է։ Այդ բարձր վարկանիշն էր սոսնձում նրանց, այլ միավորող գաղափար նրանք չունեն»,-ընդգծում է Արմեն Բադալյանը։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ իշխող խմբակցությունից Սասուն Միքայելյանի հեռանալուց հետո նրա օրինակին կհետեւեն այլ պատգամավորներ եւս։ «Դա չի բացառվում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ամուլսարի հարցը կա, Ստամբուլյան կոնվենցիայի հարցը կա, որոնց շուրջ տարբեր պատգամավորներ տարբեր մոտեցումներ ունեն»։

Վարչապետը, ըստ նրա, այն նույն սխալն է կրկնում, որը նախորդ 30 տարիներին կատարել են բոլոր ղեկավարները. «Եթե կուսակցության ներսում կա այլընտրանքային մոտեցում ունեցող անձ, պետք չէ կուսակցությունը մաքրել, որովհետեւ դրանով դու թուլանում ես։ Այդ սխալը մինչեւ հիմա Հայաստանի բոլոր քաղաքական ղեկավարները կատարում են», կարծում է քաղտեխնոլոգը։

Ի դեպ, «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Մասնավորապես՝ խոսվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի գործունեության մասին, որի ընթացքում վարչապետը շատ կտրուկ արտահայտություններով է հանդես եկել՝ ուղղված նրանց։

Խորհրդակցություն անցկացնելու փաստը մեզ հետ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, ըստ էության, չի հերքել՝ նշելով .«Օրական վարչապետն ունենում է բազմաթիվ խորհրդակցություններ, քննարկումներ, առհասարակ դա աշխատանքային գործառույթների մեջ է մտնում և դրանում քննարկվում են ներքաղաքական, արտաքին քաղաքականության արդի, նաև հանրության ուշադրության կենտրոնում գտնվող տարբեր հարցեր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել