168.am-ը գրում է.

Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանությունը ողջունում է Շվեյցարիայի օժանդակությամբ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի հարթակում Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանիի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին ասված է սեպտեմբերի 27-ին Facebook-ում դիվանագիտական ներկայացուցչության էջում հրապարակված հայտարարության մեջ:
«Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանությունը ողջունում է վրաց-ռուսական հանդիպումը, որը կազմակերպվել է Շվեյցարիայի ԱԳ նախարարության միջնորդությամբ»,-նշվում է հայտարարության մեջ:

Մինչդեռ «Միասնական ազգային շարժում» վրացական ընդդիմադիր խմբակցության պատգամավորները Զալկալիանիին հրավիրել են խորհրդարան՝ պարզաբանումներ տալու Լավրովի հետ հանդիպման վերաբերյալ, ինչի մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն Imedi հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մեր խմբակցությունը Զալկալիանիին կանչում է կոմիտեի լսումներին: Լավրովի հետ այդ հանդիպումը ժողովրդի թիկունքում կատարված գործողություն էր: Հանդիպումն անցկացնելուց առաջ անհրաժեշտ էր նախնական խորհրդակցություններ անցկացնել քաղաքական ուժերի, հասարակության եւ խորհրդարանի հետ»,-ասել է Գոցիրիձեն:
Իր հերթին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան սեպտեմբերի 27-ին լրագրողներին հայտարարել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կնպաստի երկու երկրների միջեւ առկա բարդագույն խնդիրների լուծմանը:

«Հանդիպումը, որը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կենտրոնակայանում, կնպաստի երկրների միջեւ առկա բարդագույն խնդիրների լուծմանը: Ես նորից եմ կրկնում, կնպաստի բարդագույն խնդիրների լուծմանը: Պարզ է որ այդ խնդիրների լուծման միակ ճանապարհը միջազգային կանոններն են եւ օրենսդրությունը, իհարկե, նաեւ սերտ համագործակցությունը մեր գործընկերների հետ»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Ավելի վաղ ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը դրական է գնահատել Զալկալիանիի եւ Լավրովի հանդիպման փաստը, որը 2008 թվականի օգոստոսի պատերազմից հետո նման մակարդակի առաջին հանդիպումն էր: Զալկալիանին եւ Լավրովը քննարկել են երկկողմ օրակարգի հրատապ հարցերը: Մասնավորապես, վրացական կողմն արծարծել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը:

«Շվեյցարացի միջնորդների օժանդակությամբ Վրաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կարեւոր է. այն ցույց է տալիս, որ կա այն բանի հույսը, որ կառուցողական երկխոսությունը կարող է նվազեցնել լարվածությունը եւ ամրապնդել կայունությունը ի բարօրություն ԵԱՀԿ-ի տարածաշրջանի բոլոր մարդկանց»,- գրել է Լայչակը Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել