Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Մասնավորապես՝ խոսվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի գործունեության մասին, որի ընթացքում վարչապետը շատ կտրուկ արտահայտություններով է հանդես եկել՝ ուղղված նրանց։

Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն դիմեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, որը, ըստ էության, չհերքեց խորհրդակցության փաստը։

«Օրական վարչապետն ունենում է բազմաթիվ խորհրդակցություններ, քննարկումներ, առհասարակ դա աշխատանքային գործառույթների մեջ է մտնում և դրանում քննարկվում են ներքաղաքական, արտաքին քաղաքականության արդի, նաև հանրության ուշադրության կենտրոնում գտնվող տարբեր հարցեր»,- մեր հարցմանն ի պատասխան ասաց մամուլի խոսնակը։ Մեր ճշտող հարցին, որ քննարկվել են արդյո՞ք Արթուր Վանեցյանի եւ Սասուն Միքայելյանի գործունեությանը վերաբերող հարցերը՝ ասաց. «Դե հենց դա եմ ասում, որ բոլոր հարցերը քննարկվում են, հասարակության հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը քննարկվում են»

Հիշեցնենք, որ մամուլում տևական ժամանակ է խոսվում է Փաշինյանի և Սասուն Միքայելյանի հարաբերությունների լարվածության մասին, իսկ Ա. Վանեցյանի դեպքում այն ակնհայտ է։ Վանեցյանն աշխատանքից ազատվելու մասին տարածած հայտարարության մեջ նշել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: Արձագանքելով Վանեցյանի այս հայտարարությանը Փաշինյանն ասել էր, որ «Դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ՝ դրանից ավելի մեծ անարգանք` սպայի պատվի, չկա: Հասկանում եք, չէ՞ դա ինչ է նշանակում։ Սպան այդպիսի բան անի՞, դա գիտեք ի՞նչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Դա անարգանք է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նկատմամբ: Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի հանրությունը շատ հստակ այս երևույթին իր գնահատականը տվել ա»։ Վանեցյանն էլ իր հերթին արձագանքելով վերջինիս ասել էր, թե վարչապետը խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։

Վարչապետ-ԱԱԾ նախկին տնօրեն հեռակա բանավեճից հետո Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանն իր ընկերն է ու ընկերն էլ մնալու է՝ միաժամանակ արձանագրելով, որ անհրաժեշտ է սթափվել։ «Բոլորս պիտի սթափվենք, որովհետեւ գիտեք էս զորահավաքն ինչ է, Աստված չանի, եթե համախմբված չլինենք, պատկերացրեք թշնամին ինչ կանի, իզուր չէ, որ էսքան տարի թշնամին զինվում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել