Օրեր առաջ Վիճակագրական կոմիտեն հրապարակեց հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (այսուհետ՝ ՏԱՑ), որը կազմել է 7%: Ընդհանուր առմամբ, ՏԱՑ-ը օպերատիվ- իրավիճակային գնահատական է տնտեսության հիմնական ոլորտներին, ուստի ֆիքսենք, որ այս պահին ունենք դրական միտում:

Ընդամենը մեկ օրվա տարբերությամբ` վիճկոմիտեի կողմից հրապարակման նախորդ օրը, թողարկվեց Ասիական զարգացման բանկի (այսուհետ՝ ԱԶԲ) զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանում համախառն ներքին արդյունքի ցուցանիշի աճը (այսուհետ՝ ՀՆԱ) տարեկան կտրվածքով թուլացել է՝ 2018 թ. առաջին կիսամյակի 8.7%-ից այս տարվա նույն ժամանակահատվածում հասնելով 6.8%-ի:

Վստահ եմ՝ երկու ցուցանիշներն էլ դեռ օրեր առաջ չեն վրիպել տնտեսական հանրության ուշադրությունից և վերջինիս կողմից կենթարկվեն կառուցվածքային վերլուծության ու ավելի լայն ժամանակահատվածների հետ համադրության՝ տնտեսության վերաբերյալ ամբողջական գնահատական ունենալու համար:

Մեզ արդեն ծանոթ տրամաբանությամբ վարչապետի կողմից այսօր հանրայնացվում է նշված ցուցանիշներից միայն ՏԱՑ-ը:

Մի կողմ թողնենք վիճակագրական գերատեսչությունների աշխատանքը լրացնելու նպատակահարմարության հարցը վարչապետի կողմից: Ինչո՞ւ միայն ՏԱՑ-ը: Չէ՞ որ այս անգամ թեև ԱԶԲ-ի զեկույցում ֆիքսված է ՀՆԱ աճի տեմպի անկում, բայց նաև ամրագրված է. «Շարունակում է մնալ կայուն՝ արտացոլելով կենսունակ ներքին պահանջարկը»: Այս անգամ այդ դեպքը չէր:

Հ.Գ. Տնտեսության իրավիճակի ամբողջական գնահատման համար միշտ անհրաժեշտ է դիտարկել.
1. Ցուցանիշների կառուցվածքն ու աճի/անկման պատճառները,
2. Ո՞ր ժամանակահատվածի նկատմամբ է ներկայացված աճի/անկման համեմատականը,
3. Ավելի լայն ժամանակագրական շարքի ուսումնասիրությունն ու համադրությունը:

Այս դեպքում, նաև՝

4. Ո՞ւմ կհավատա օտարերկրյա ներդրողը՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի՞ն, թե Ասիական զարգացման բանկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել