Մի ընդհանուր, բայց շատ խորը ենթագիտակցական գիծ եմ նկատում մեր սփյուռքահայ հայրենակիցներից շատերի մոտ, մասնավորապես՝ Հայաստանից գաղթածների մոտ: Նրանց մոտ հայրենիքի հանդեպ սերը չափվում է այդ հայրենիքի` իրենց կերակրելու ունակության չափով: Էն հայրենիքը, որը կարում ա կերակրի, պահի, թոշակ տա, լավն ա, էն հայրենիքը, որը չի կարում, լավը չի: Գերմանիան ու Ամերիկան լավ հայրենիք են, իսկ Հայաստանը` ոչ: Որովհետև հայրենիքը դիտարկվում է ոչ թե որպես բոլորիս զավակը, այլ որպես ծնող, որպես հայր... Ու բնականաբար, հայրը պիտի տա, պիտի մատակարարի, իսկ քաղաքացին պիտի վերցնի, սպառի:

Իսկ ամենազավեշտալին այն է, որ էս մտածելակերպի մարդիկ հլը մի բան էլ բարոյախրատական դասեր են տալիս նրանց, ովքեր էդ «անտեր» հայրենիքում այնուամենայնիվ մնում են ու չարչարվում են, որ սպառողները մի քանի տարին մեկ գան պատմական հայրենիք, բարեկամների հաշվին ինքնահաստատվեն, իրանց մարդ զգան, մի քանի շաբաթ վարորդ պահեն և նույնիսկ լևի գնան, այլ կերպ ասած` անեն բաներ, որ երբեք իրենց չեն կարող թույլ տալ իրենց նոր, լավ հայրենիքում:

«Մարդ» զգալու-ինքնահաստատվելու միակ խոչընդոտ կարային լինեին նրանք, ովքեր պատմական հայրենիքում էլ են ապացուցել, որ այստեղ էլ կարելի է մարդ զգալ, և այդ ապացուցածների դեմ է լինում գաղթածների հիմնական հոխորտանքը: Քանի դեռ պատմական հայրենիքում կա տեղական էլիտա, նա պարբերաբար առերեսվելու է դաժան իրականության հետ: Իրականություն, որում նա կա՛մ դասալիք է, կա՛մ անբաշար, կամ էլ պարզապես դեբիլ: Էդ իրականությունից խուսափելու համար Հայաստանում պետք է չլինի էլիտա՝ ո՛չ ռազմական, ո՛չ տնտեսական, ոչ էլ ցանկացած այլ տիպի:

Հետաքրքիր ա, որ հին սփյուռքի մոտ դա գրեթե չեմ նկատել: Գուցե դրա պատճառն այն է, որ նրանք ի սկզբանե Հայաստանը չէ, որ լքել են: Նրանք գաղթել են Թուրքիայից, Իրանից, Լիբանանից... Հայաստանում մարդ զգալու համար նրանց պարզապես պետք է, որ Հայաստանը լինի: Մարդ զգալու համար իրենց պետք է պարզապես ունենալ հայրենիք, որը երբեք չեն ունեցել: Ու կապ չունի՝ այն լավն է, թե վատը: Սա է նաև պատճառը, որ նրանք ֆետիշացնում են կորսված հողերը ու, բարեբախտաբար, գնահատում են Արցախը, թեև, ցավոք, երբեմն եթերային Արևմտյան Հայաստանի համար պայքարը գերադասում են նաղդ Արցախի համար պայքարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել