168.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության (ԱՀ) զինված ուժերը պատրաստվում են տարածաշրջանային զարգացումների տարբեր սցենարների: Այս մասին «168 Ժամի» հետ զրույցում հայտնեց ԱՀ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը` խոսելով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ-ի և Արցախի տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժություններից:

– Դեռ դժվար է ասել, թե հաջորդ բախումը, սրումը, ռազմական գործողությունները ի՞նչ մասշտաբի կլինեն, դա է պատճառը, որ մենք պատրաստվում ենք իրավիճակի ցանկացած զարգացման: Այս ընթացքում նախատեսված, նախատեսվող բոլոր զորավարժությունները ինչ մասշտաբի էլ անցկացնում ենք, նպատակ ունեն մեր ստորաբաժանումները նախապատրաստելու՝ ինչպես պաշտպանողական, այնպես էլ՝ հակահարձակողական և հարձակողական գործողությունների:

 Գերատեսչությունները պատրա՞ստ են պատերազմական վիճակում արագ գործողությունների, ի՞նչ են ցույց տալիս զորավարժանքների երկու օրերը:

– Մեր նպատակն է՝ անընդհատ աշխատել պետական կառույցները տարբեր իրավիճակների նախապատրաստելու համար: Այս տեսանկյունից նման զորավարժությունները մեր նման երկրների համար անհրաժեշտություն են: Վերջնական եզրահանգումները կարվեն զորավարժություններն ամբողջությամբ ավարտելուց հետո, իսկ նախնական գնահատականները նորմալ են:

– Զորավարժությունների օրերին Ադրբեջանը դիմում է տարբեր սադրանքների, մասնավորապես, Ակնայի հատվածում հետախուզական թռիչք իրականացնող «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք է նկատվել, որը խոցվել է ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից: Առհասարակ, այս օրերին հատուկ զգոնություն կա՞ սահմանին։

– Ադրբեջանական սադրանք սպասելի է տարվա բոլոր օրերին, իսկ զորավարժությունները կամ նման այլ խոշոր միջոցառումները ևս ադրբեջանական կողմի համար առիթ են սադրանքների գնալու համար: Դա մեկ անգամ չէ, որ տեսել ենք: Եվ ըստ իրավիճակի առանձնահատկությունների, հատկապես դիրքապահ անձնակազմերը, անհրաժեշտ հրահանգավորում են ստանում:

 Ի՞նչ հաճախականությամբ են ադրբեջանական ԱԹՍ-ներ երևում Արցախի երկնքում:

– Տարբեր փուլերում անօդաչու թռչող սարքերի ակտիվություն նկատելի է, դրանք իրենց թռիչքներն իրականացնում են տարբեր ուղղություններում, հիմնականում` սահմանային հատվածներում: Մեկ օր առաջ տեղի ունեցած դեպքում մեր ՀՕՊ ուժերն արագ արձագանքել են, որովհետև ներկայացվող վտանգը բավականին մեծ է եղել: Զորավարժությունների օրերին մեր տարբեր զորամասեր շարժեր են ծավալում, մի շարք միջոցառումներ իրականացնում, որոնց մի մասը հրապարակման ենթակա չէ: Բնական է, որ Ադրբեջանը փորձում է կադրեր որսալ, ինչի արդյունքում անօդաչու սարք կորցրեց, որի գինը 500-700 հազար դոլարի սահմաններում է:

 Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել էր: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղի ունեցածը տարօրինակ որակեց` նշելով. «Միգուցեև մոլորվել է»: Արցախում պա՞րզ է, թե ինչ դեպքի հետ գործ ունենք:

– Միգուցե դեպքի պահին դժվար էր միանշանակ գնահատական տալ միջադեպին, որովհետև անհրաժեշտ էր եղած փաստերն ամբողջությամբ վերլուծել, սակայն այս պահին կարող եմ վստահ ասել, որ տեղի ունեցածը դիվերսիոն գործողություն էր: Դա պարզ ցույց է տալիս՝ ինչպես խոցված դիվերսանտի գործողությունները, նրա քայլերի հետագիծը, այնպես էլ՝ թիկունքում ադրբեջանական կողմի ակտիվությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոցված դիվերսանտը ադրբեջանական հատուկ նշանակության բրիգադի՝ Յաշմայի ծառայող էր, սա պատկերն առավել ամբողջական է դարձնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել