Pastinfo.am-ը գրում է.

ՄԱԿ-ի ամբիոնից Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունն ու բանաձեւը վտանգավոր է ու մարտահրավերներով լինի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։

Քաղաքագետի խոսքով, առաջին անգամ, երբ Փաշինյանն այդ հայտարարություն այդ բանաձեւով արեց, շատերը հրապարակային հայտարարեցին, որ այն մարտահրավերների մի ամբողջ փունջ է պարունակում, բայց դատելով փաստից, որ Փաշինյանի կողմից այն արդեն ոչ 2-րդ, ոչ 3-րդ, ոչ էլ 4-րդ անգամն է հնչեցվում, ավելին՝ նաեւ ինքնագովաբանության տարրեր է պարունակում, կարելի է ենթադրել, որ այդ ահազանգերին ականջալուր չեն եղել։

Հիշեցնենք, ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը նախօրեին կրկնեց իր՝ նախկինում արված այն հայտարարությունը, թե ինքն առաջին հայ ղեկավարն է, որը հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, ԼՂ ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:

«Ազգերի ինքնորոշման իրավունքի էությունը կայանում է նրանում, որ ինքնորոշման հարց բարձրացնողն իր իրավունքի ներքո այդ հարցի վերաբերյալ ունենում է դիրքորոշում։ Որպես օրինակ, Շոտլանդիայի հանրաքվեն նշեմ՝ Շոտլանդիան ուներ ցանկություն ինքնորոշվելու, նա անում էր հանրաքվեն իր տարածքում եւ այստեղ ընդհանրապես կապ չուներ Բրիտանիայի ընդհանուր եւ նրա մյուս սուբյեկտների կարծիքը։ Այսինքն, կոնկրետ սուբյեկտի տարածքում իրականացվում էր հանրաքվե, այլ հարց է, որ հանրաքվեի արդյունքում որոշում եղավ՝մնալ Միացյալ թագավորության կազմում, բայց հանրաքվեն անցկացվել է այդ տարածքում, այն մարդկանց կողմից, ովքեր այդ հարցը բարձրացրել են եւ համարում են իրենց համար կարեւոր ու էական»,-ասաց Կարեն Բեքարյանը, ապա շեշտեց. «Երբ դու խոսում ես բոլորի համաձայնության մասին, այդ թվում՝ թե Ադրբեջանի, թե Հայաստանի, այս պարագայում ինքնորոշման անօտարելի իրավունքի որոշակի նորմեր դնում ես հարցականի տակ։ Ի՞նչ է նշանակում որեւէ մեկը համաձայնի այդ իրավունքին։ Իրավունքը հարգում են, ճանաչում են, իրավունքի հետ համաձայնելու, դուր գալ, դուր չգալու հարց չկա։ Ցավոք, սա որեւէ կերպ չընկալվեց»։

Մյուս կարեւոր հանգամանքը, որն, ըստ քաղաքագետի, բխում է վերը նշված առաջին հանգամանքից, այն է, որ տարիներ ի վեր Ադրբեջանը պայքարել է, որ վաղ թե ուշ Արցախի կարգավիճակի որոշումը տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում իրականացվող հանրաքվեով. «Պարզ է չէ՞ դրա քաղաքական ենթատեքստը։ Հիմա , այդ հայտարարությամբ եւ այդ բանաձեւով Ադրբեջանի՝ տարիներ ի վեր փորձած եւ ոչնչի չհասած ախորժակը գրգռվեց, որովհետեւ, երբ խնդիր է դրվում, որ հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, հարց է առաջանում՝ ո՞րն է այդ ընդունելիության չափորոշիչը։ Այս հայտարարությունը, ըստ էության, Ադրբեջանին հետ բերեց մի դաշտ, որից երկար տարիների աշխատանքով հաջողվել էր նրան հետ շպրտել»։
Բեքարյանի խոսքով, եթե այս ամենը համադրում ենք Արցախի սուբյեկտայնության հետ կապված Փաշինյանի այլ հայտարարությունների հետ, տեսնում ենք, որ այդ հայտարարությունն էլ այդ դաշտի մաս է դառնում։

«Արցախի սուբեկտայնությանը ընդհանրապես անհարգալից մոտեցում ու ռեակցիա կա վարչապետի մոտ»,-շեշտում է քաղաքագետը միեւնույն ժամանակ ընդգծելով, որ Արցախն անկախություն է ձեռք բերել իր նկատմամբ կիրառված ուժի, հրահրված պատերազմի արդյունքում եւ, որ տարիների ընթացքում եղել են պատերազմի եւ ագրեսիայի դրսեւորումներ, որի պիկը ապրիլյան քառօրյա պատերազմն էր։

«Այսինքն, եղել է կյանքի եւ ֆիզիկական իրավունքի պաշտպանության խնդիր եւ ինքնորոշումը դրա արտահայտչաձեւն է եւ անվտանգության ապահովման իրական գործոն»։

Հարցին, արդյո՞ք Փաշինյանի հայտարարությունը ռիսկեր չի պարունակում ԼՂ հիմնախնդրի չկարգավորված լինելու բեռը բարդել հայկական կողմի վրա, քաղաքագետը պատասխանել է. «Հայտարարությունը նաեւ այդ կերպ մեկնաբանելու հնարավորություն տալիս է, բայց դրան չեմ անդրադառնում, որովհետեւ դա ռիսկերից ամենամեծը չի, թեեւ այդ ռիսկն էլ է առկա»։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Իլհամ Ալիևին, ընդունել բանաձևը՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձևը իրականություն դարձնելու համար»,-հայտարարել էր նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել