Ամեն օր մի բան գրում եմ այսօրվա վիճակի մասին։ Երբեմն քննադատում եմ, երբեմն ոչ։ Բայց քննադատելուց հետո առավոտյան ընկերներիս ցուցակը պակասում է։ Նիկոլականներն են, ինձ համարում են նախկին, սև, դավաճան ու լքում են ինձ։ Լավ են անում։ Ես իրենց արժանի չեմ։ Ես չեմ կարող չքննադատել մի մարդու, ով ԱՄՆ-ում բնակվող հայերին ասում է, թե պարտադիր չէ, որ հայը Հայաստանում ապրի։ Այսի՞նքն։ Տավուշի սահմանում ծնվածներն են Արցախի սահմանը պահում, իսկ Տավուշում հերթափոխի կարիք կա։ Ո՞նց պարտադիր չէ։ Առնվազն այդպես ասել չի կարելի, սիրելի սուպերվարչապետ։ Թե՞ դա արվում է նրա համար, որ մի օր ասեք՝ Հայաստանի բնակիչների թիվը արդեն 10 մլն է, ուղղակի մեկ հինգերորդն է ապրում Հայաստանում։

Մեկ-մեկ մտածում եմ՝ վերջ տամ, սրանց մասին, քաղաքականության մասին չխոսեմ։ Լինում է, որ մի քանի օր դիմանում եմ, բայց բավական է՝ պատահական տեսնեմ նրա որևէ ելույթ, հազար հարց է առաջանում։ Հիմա էլ ՄԱԿ-ում հայտարարել է, որ ԼՂ-ի շուրջ ցանկացած որոշում պիտի ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Այսի՞նքն։ Կարո՞ղ է հարցը հասնի ադրբեջանցի-նախկին արցախցիների ռեֆերենդումի, ու նրանք որոշեն կարգավիճակը։

Չեղավ, ընկերներ, իսկապես չեղավ։ Լավ է, պաշտպանության նախարարն է իմաստուն մարդ երևում: Հուսամ՝ երկար կդիմանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել