Armlur.am-ը գրում է․

Ժողովուրդ օրաթերթի ArmLur.am-ի շտապ հայտարարությունը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին.

Արդեն երկու օր է, ինչ հանրությունը ցնցված է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության լուրից: Եւ, ինչպես ՀՀ ոստիկանապետ եղած տարիներին էր նա փակ, ինքնամփոփ մարդ, այնպես էլ ինքնասպանությունից հետո դեպքի մասին տարաբնույթ դատողություններ են արվում սուղ ինֆորմացիայի պատճառով: Նախ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, թե ինչպես տարածվեց լուրը:

Այն ժամանակ, երբ հանրապետությունում շատ մարդիկ քնած էին, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ստանալով ինքնասպանության մասին բացառիկ տեղեկությունը, հրապարակեց ArmLur.am կայքում: ՀՀ ոստիկանությունը հաստատեց մեր տեղեկությունը, հետո հաջորդեցին մյուս տեղեկությունները, թե ինչպես է դեպքը եղել, ինչ զենքով է նա իրեն կրակել եւ այլն: Այսինքն՝ սկսած թեման, բնականաբար, ունեցավ իր տրամաբանական շարունակությունը:

ArmLur.am-ը գրեց, որ «Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում) գանգատվել է, թե ախր ինչպես չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն. «Ես գեներալ մարդ եմ, էսօր ինձ խայտառակում են:

Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում…Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»,-ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել»:

Իհարկե, անհասկանալի մեկնաբանություններ եղան այս մասով, թե լրագրողը որտեղից գիտի՝ ինչ է ասել Հարությունյանը, լրագրողը ուղղորդված է եւ այլն: Այս բոլոր մեղադրանքներին կարճ ենք պատասխանում. «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող-խմբագիրը շատ լավ է տիրապետում իր աշխատանքին, եւ առաջին անգամը չէ, որ Հայաստանում հրապարակվող բացառիկ ինֆորմացիայի հեղինակ է: Իհարկե, այդպես լինելու է միշտ: Բայց որպեսզի հարց չառաջանա ընթերցողների մոտ, մանրամասնենք, որ Հայկ Հարությունյանը վերջին 1 տարվա ընթացքում շատ ընկճված է եղել, անտրամադիր ու մտահոգ:

Նա ամիսներով փակվել է իր առանձնատանը, չի շփվել շատ մարդկանց հետ: Իսկ նրանք, ովքեր այս ընթացքում նրա հետ առերես կամ հեռախոսով խոսել են (այդ թվում եւ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը), կարող են մտաբերել, որ Հայկ Հարությունյանը հաճախ է խոսել այն մասին, ինչ հրապարակել է ArmLur.am-ը՝ որպես նրա կյանքի վերջին րոպեներին արտահայտած մտքեր: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, որ Հայկ Հարությունյանը առաջիկա օրերին կրկին պետք է ՀՔԾ-ում հարցաքննվեր Վահագն Հարությունյանի կողմից փոխված պարկուճների գործով անջատված մասով:

Բացի այդ՝ նաեւ մի քրեական գործ կա հարուցված ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչությունում գրանցված չարաշահումների մասով՝ ճիշտ այն ժամանակահատվածին վերաբերող, երբ ՀՀ ՔԿՀ ղեկավարը եղել է հենց Հայկ Հարությունյանը: Այսինքն՝ Հարությունյանի շուրջ օղակը ակնհայտորեն սեղմվում էր, եւ կալանավորումը անխուսափելի էր, ու նա այս իրավիճակից մշտապես դժգոհել է: Իսկ թե ինչ օրեր կարող էին սպասվել նախկին բանտապետին բանտում, թերեւս իմաստ չունի մանրամասնել:

Իսկ ինչո՞ւ են աղմկում քննչական, դատախազական եւ այլ մարմինները ու «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին հարցաքննում: Հասկանալի է, որ նրանց նպատակը տեղեկատվության աղբյուրի բացահայտումն է, որը, իհարկե, չի լինելու ոչ մի դեպքում: Բայց ինչ վերաբերում է իրավական հիմքերին, ապա հիշեցնենք, որ «ԶԼՄ մասին» օրենքի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ «Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել