«Թռչնի կաթը» ամենանուրբ տորթերից մեկն է, որը վայելելու համար հեչ պարտադիր չէ սրճարան գնալ կամ էլ խանութում փորձել այն գտնել: Դուք կարող եք այս հրաշքը հենց ձեր խոհանոցում ստեղծել։

Անհրաժեշտ բաղադրիչներն են

  • Կարագ – 50 գ
  • Խտացրած կաթ – 1 բանկա
  • Կաթ – 250 մլ
  • Նարնջի հյութ – 2 հատ
  • Ալյուր – 250 գ
  • Սոդա – 1 թ/գ + լիմոնի աղ՝ 0,5 թ/գ

Պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստում ենք բիսկվիթը

Կարագը հարում ենք խտացրած կաթի հետ՝ կամաց-կամաց ավելացնելով կաթը: Հետո ավելացնում ենք սոդայի հետ մաղած ալյուրը և լիմոնի աղը: Լավ խառնում ենք գդալով: Խմորը դնում ենք կարագ քսած ձևամանի մեջ և թխում ենք տաք ջեռոցում 180 աստիճանի տակ, 30-40 րոպե:

Սուֆլեի բաղադրիչները

  • Կարագ – 120 գ,
  • Խտացրած կաթ – 120 գ,
  • Ակվաֆաբա – 120 գ,
  • Շաքարավազ – 100 գ,
  • Լիմոնի աղ – մի պտղունց։

Օշարակի համար

  • Ջուր – 120 գ,
  • Շաքարավազ – 200 գ,
  • Ագար-ագար – 10 գ։

Ջնարակի համար

  • Սերուցք (30%) – 100 գ,
  • Սև շոկոլադ - 100 գ։

    1. Առաջին հերթին հարում ենք կարագը, հետո ավելացնում ենք խտացրած կաթը:

    2. Մաքուր չոր թասի մեջ ավելացնում ենք ակվաֆաբան (խաշած սիսեռի կամ ոլոռի թանձր հեղուկը): Հարում ենք ամենաբարձր արագության վրա, ավելացնում ենք լիմոնի աղը, երբ փրփուր է գոյանում, ավելացնում ենք շաքարավազը: Լավ հարում ենք, պետք է պինդ փրփուր ստացվի:

    3. Սկսում ենք եփել օշարակը: Խառնում ենք շաքարավազը, ջուրը և ագար-ագարը: Դնում ենք կրակի վրա և լավ խառնում ենք: Եռալուց հետո ավելի արագ ենք սկսում խառնել: Երբ օշարակը թանձրանում է և գդալից դանդաղ թելի պես սկսում է ձգվել, ուրեմն՝ ժամանակն է անցնել հաջորդ փուլին:

    4. Մի քիչ կրկին հարում ենք ակվաֆաբան, աստիճանաբար ավելացնում ենք օշարակը՝ շարունակելով աշխատել հարիչով: Գդալ-գդալ ավելացնում ենք կարագով կրեմը և կրկին հարում ենք, այս անգամ դանդաղ պտույտներով:

    5. Վերցնում ենք կողքերից անջատվող ձևամանը և վրան դնում ենք բիսկվիթը, վրայից դնում ենք մեր սուֆլեն և դնում ենք սառնարանը:

    6. Պատրաստում ենք ջնարակը: Տաքացնում ենք սերուցքը և լցնում ենք շոկոլադի վրա: Թողնում ենք երկու րոպե, որ հալչի՝ զգուշորեն խառնելով:

    7. Մեկ ժամից տորթը հանում ենք սառնարանից, զգույշ հանում ենք ձևամանի կողքերը, և արդեն սառած շոկոլադը լցնում ենք տորթի վրա։ Մի քանի ժամով կրկին դնում ենք սառնարանը:

    Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել