Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը, անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքին, վճիռ է կայացրել և դրանում մեղադրել է կամ 90-ականների սարսափելի ռեժիմներին, կամ ռեժիմին ու սպառնացել է անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորի ականջները ծամել։

Հետաքրքիր է, թե 90-ականների սարսափի մեջ մեծացած երեխա Նուարդը բոլոր սարսափներն է հիշում, իսկ իր պատրոնը՝ Նիկոլ Փաշինյանը, ընտրողաբար է վերաբերվում այդ տարիներին տեղի ունեցած սպանություններին։ Համաձայն եմ Նուարդի ակնարկին, որ սարսափելի դեպքերը՝ քաղաքական սպանությունները, մեր երրորդ հանրապետության պատմության ամենամութ և ամենագաղջ էջերն են։

Պայքարիստ և քայլիստ տիկին Նուարդին խորհուրդ կտամ քաղաքական սպանությունների բացահայտումը սկսել 1991թ․-ից, երբ նոր իշխանությունների օրոք սպանվեցին Հայաստանի ԽՍՀ ՊԱԿ ղեկավար Մարիուս Յուզբաշյանը, Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանը, ՀՀ Գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանը, Հայաստանի երկաթուղիների ղեկավար Համբարձում Ղանդիլյանը, Երևանի փակ շուկայի տնօրենն իր ընտանիքի անդամներով և այլն։

90-ականների երեխա Նուարդն այս ամենի մասին գիտի՞, և եթե տեղյակ է, ապա ինչո՞ւ չի հատ-հատ ծամում այն մարդկանց ականջները, ովքեր և՛ 90-ականներին էին իշխանության մաս կազմում, երբ տեղի ունեցան վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունները, և՛ հիմա Փաշինյանի կառավարության ու ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում։ Խորհուրդ կտամ մոտենալ նրանց և պարզաբանում պահանջել, թե ինչո՞ւ իրենց կառավարման տարիներին տեղի ունեցած քաղաքական և տնտեսական դրդապատճառներով կազմակերպված սպանությունները չեն բացահայտվել։

Ինչ վերաբերում է Հայկ Հարությունյանի ողբերգական մահվանը, ապա նշեմ, որ ինձ համար անընդունելի են այս հարցում շահագրգիռ երկու կողմերի մոտեցումները. ամոթ է մարդու ողբերգությունը քաղաքական դիվիդենտներ ստանալու համար շահարկելը և օգտագործելը։

Հուսանք, որ Փաշինյանի կառավարման առաջին «քաղաքական զոհի» բոլոր հանգամանքները կբացահայտվեն, և մեղավորները կպատժվեն, իսկ չբացահայտվելու դեպքում էլ տիկին Նուարդը կանիբալիստական իր հակումները կուղղի հարազատ թիմակիցների դեմ՝ այդպիսով իր դժգոհությունը հայտնելով հարազատ թիմից, որ նախորդների պես չեն կարող բացահայտել աղմկահարույց դեպքերը։

Հետաքրքիր է, կանիբալիստական հակումներ ունեցող քայլիստ ավագանուհին էլ ի՞նչ է նախընտրում ծամել ընդհանրապես։

Հ.Գ. Խայտառակություն է որևէ քաղաքական ուժի համար ունենալ Նուարդի նման քաղաքական թիմակից, չնայած Փաշինյանի թիմում նրա նմանները շատ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել