168.am-ը գրում է.

Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվելուց մեկ օր անց արձակուրդ է մեկնել: Վալերի Օսիպյանի արձակուրդը սկսվել է սեպտեմբերի 19-ից և ավարտվելու է հոկտեմբերի 2-ին: Վալերի Օսիպյանի արաձակուրդը չվճարվող է:

Տարօրինակ է, սակայն, որ նախկին ոստիկանապետն արձակուրդ է մեկնում իր՝ գլխավոր խորհրդական նշանակվելուց անմիջապես հետո, հատկապես, որ 168.am-ին տեղեկություններ հասան, որ Վալերի Օսիպյանի հապճեպ արձակուրդ մեկնելը կապ ունի պաշտոնանկությունից անմիջապես առաջ նրա ստորագրած թվով շուրջ 40 հրամանների հետ, որոնցով նա տարբեր մարդկանց պաշտոնների էր նշանակել, ոմանց էլ՝ խոստումներ տվել։

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ հեռանալուց մեկ օր առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համակարգում հասցրել էր մի շարք նշանակումներ անել, ամենայն հավանականությամբ՝ այն մարդկանց, ում խոստացել էր պաշտոն կամ արդեն պայմանավորվել էր: Օսիպյանը մոտավորապես 40 հրաման էր ստորագրել, մոտ 10 տարբեր աստիճանի պաշտոնյաների նշանակումներ և այլ համակարգային փոփոխություններ: Բացի այդ, Օսիպյանն աշխատանքից ազատել էր ՀՀ ոստիկանության ներկայացուցչին՝ ՀՀ ՌԴ ՆԳՆ-ում: Ըստ հրապարակումների՝  Օսիպյանը նաև զենքեր էր նվիրել համակարգում աշխատող բազմաթիվ աշխատակիցների:

Ոստիկանության պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, սակայն, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, վերանայել է Օսիպյանի վերջին հրամանները: Նա հերթով կանչել է նորանշանակներին և ուղարկել հին պաշտոններին, այդպես հրամանների մեծ մասը վերանայվել են: Իհարկե, ոչ մեկը չի ցանկանում զրկվել իր նոր պաշտոնից, սակայն այլընտրանք չկա` կամ ուղարկում են կադրերի ռեզերվ, կամ հին պաշտոնին: ՌԴ ՆԳՆ-ում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանի հրամանը ևս «հետողորմյա» է արվել։ Համակարգում այդ կապակցությամբ կատակում էին՝ իրերը ուղարկեց, բայց ինքը տեղ չհասավ:

Սկզբում՝ պաշտոնի նշանակում, պաշտոնի բարձրացում, հետո՝ զենքով պարգևատրում

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Վալերի Օսիպյանը զենքով պարգևատրել էր ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ) վարչության պետ, ոստիկանության խորհրդակցական մարմնի, ինչպես նաև ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ Բաբկեն Սեդրակյանին և նրա որդուն՝ Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ժիրայր Սեդրակյանին։

«Հետքը» ժամանակին անդրադարձել էր ՀՀ-ում Ղրղըզստանի նախկին պատվավոր հյուպատոս  Բաբկեն Սեդրակյանի՝ Դուբայում ունեցած անշարժ գույքին։ Կայքը գրել էր, որ Բ. Սեդրակյանը 2014թ. բնակարան է ձեռք բերել Դուբայի հայտնի «արմավենու» («Palm Jumeirah») վրա՝ «Al Hatimi» բնակելի շենքում: Նույն տարում նա և նրա կինը՝ Իդա Եղիազարյանը, վաճառել են Դուբայի Միջազգային քաղաք թաղամասի «Al Dana 1» բնակելի շենքում գտնվող իրենց բնակարանը:

Նշենք, որ Բաբկեն Սեդրակյանը 7-րդ վարչության պետ էր նշանակվել Փաշինյանի գլխավորած հեղափոխական գործողություններից հետո՝  2018թ. դեկտեմբերի 7-ին։ Այս տարվա հուլիսին պաշտոնի բարձրացում էր ստացել նաև Բաբկեն Սեդրակյանի որդին՝ 27-ամյա Ժիրայր Սեդրակյանը: Վերջինս Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության ավագ օպերլիազորի պաշտոնից փոխադրվել էր Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնին: Ըստ ArmDaily.am-ի՝ ոստիկանությունում է աշխատում նաև Բ. Սեդրակյանի դուստրը։

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, գնդապետ Բաբկեն Սեդրակյանն ազատվեց աշխատանքից։

Միասին՝ Դուբայում

Մեր տեղեկություններով՝ այս պահին ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանը և Ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ վարչության) վարչության պետ, գնդապետ Բաբկեն Սեդրակյանն ընտանիքներով գտնվում են ԱՄԷ Դուբայ քաղաքում, ուր, ինչպես նշեցինք, վերջինս տուն ունի։ 168.am-ի նույն աղբյուրը պնդում է, որ երկրից Օսիպյանի բացակայությունը կապ ունի նրա՝ պաշտոնից հեռանալուց առաջ ստորագրած, բայց այդպես էլ իրականություն չդարձած վերոնշյալ թվով 40 նշանակումների հետ, որոնք հարցեր ունեն ներկայացնելու։

Ի դեպ, մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Վալերի Օսիպյանի համար անակնկալ է եղել իր՝ վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվելու լուրը, իսկ մինչ այդ նա փորձում էր «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի ունեցած կապերի միջոցով կազմակերպել իր տեղափոխությունը Մոսկվա, այն է՝ դառնալ ՌԴ-ում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչը։

Արմեն Գինոսյանը բիզնես միջավայրում փոքր մարդ չէ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նրան է պատկանում Աբովյան փողոցում գտնվող լյուքս դասի «Դը Ալեքսանդր» հյուրանոցը, Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, «12 ակումբը», զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ, «Մոնարխ» շինարարական ընկերության սեփականատերն է։

Վերջինս մոտ է Օսիպյանի հետ և շատ հարցերում նրան հովանավորում է։

Ինչևէ, առաջիկայում կփորձենք այս տեղեկությունների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տրամադրել, իսկ մինչ այդ կսպասենք ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի՝ Հայաստան վերադարձին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել